ՀԱՅԱՍՏԱՆ

Վ.Մանուկյան. Ինչպես բացեցի Միացումը՝ այնպես էլ փակում եմ

Հայրենիքի փրկության շարժման ղեկավարությունը Ազատության հրապարակում, Երեւան, դեկտեմբեր 2020 | armenpress

 

«Ինչպեսի» իմաստն այն է, որ Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից Վազգեն Մանուկյանը մայր Հայաստանի հետ Արցախի Միացման շարժման թե՛ բացողն էր, թե՛ ահա փակողն է: Երկուսն էլ Մոսկվայի հրահանգով

.

Դ

եկտեմբեր 5-ի «համապետական», հետաքրքիր բնորոշումը կրող հանրահավաքի մտահղացմամբ, Ղարաբաղյան շարժման փոխարեն Մանուկյանը պիտի գլխավորեր Հայրենիքի փրկության շարժումը: Հայ պատմության վերջին 32 տարվա խորուրդն էլ այն է, որ ապրող սերունդներից ավագն ու միջինը, իր մեծամասնությամբ, ինչպես ռուսահպատակ էր, այնպես էլ մնաց ռուսահպատակ: 

Մատաղ սերունդը արդեն գրեթե ազատ է եւ բոլորովին այլ կողմնորոշիչներ ունի: Պատերազմի տարօրինակ հանգամանքները հիմք են տալիս մտածելու, որ Լավրովյան ծրագիրը ուներ կարեւոր, ոչ հրապարակային մի բաղադրիչ: Պլանը ի սկզբանե կազմված էր այնքան միակողմ, որ երբեք չպիտի իրականացվեր խաղաղ եղանակով: Ի միջի այլ նպատակների այն հետապնդում էր նաեւ հայ եւ թյուրք երիտասարդության առավել կրքոտ, հայրենասեր հատվածների ոչնչացումը:

Կորուստներից առաջացող հոգեբանական շոկը պիտի կատվածահար աներ կանխավ «պարտված» կողմին՝ Հայաստանին: Ինչու կանխա՞վ: Պատկերացնենք ռուս-թուրկական արցախյան նախաձեռնության տապալումը հայ բանակի կողմից: Տեսականորեն դա հնարավոր էր նույնիսկ ագենտուրային մեծածավալ ախտահարման պայմաններում: Բայց դա կնշանակեր Անդրկովկասի հետագա բաժանումը երկու դոմինանտի՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ եւ կուղեկցվեր Ռուսաստանի լիակատար վտարումով այդտեղից: Նաեւ՝ հերթականությամբ Սիրիայից, Ղրիմից ու Հյուսիսային Կովկասից: 

Դա պատկերացնելու՞ բան է: Ներկա շրջանին ոչ, անշուշտ: Արցախում հայկական զենքի հաղթանակին հետեւելու էր casus belli, պատշաչ պատրվակով ռուսկան դեսանտի զանգվածային իջեցումը արդեն ոչ թե Ստեփանակերտում այլ Երեւանում՝ 1920-ի օրինակով: 

Ծանո՞թ էր Նիկոլ Փաշինյանը Լավրովյան ծրագրի այս նրբություններին, թե օգտագործվեց այսպես կոչված «կույրի» ռեժիմով՝ քննելի հարց է: Տարակուսանք չի առաջացնում, սակայն, նրա ավագ նախորդների՝ երեք նախագահների, նաեւ նախկինում վարչապետ եւ պաշտպանության նախարար Մանուկյանի փորձառությունն ու հոտառությունը նման հարցերում:   

Վազգեն Մանուկյանը սկսեց իր դեկտեմբերյան ելույթը պատմական էքսկուրսով դեպի 1988, ընդսմին անվարան դիմեց փոքրիկ կեղծիքի, երբ ասաց, թե այս հարթակին առաջին անգամ բարձրացել է Հայաստանի անկախության գաղափարը իրականացնելու նպատակով: 

Մանուկյանը հարթակի վրա էր Իգոր Մուրադյանի գաղափար Միացումը իրականացնելու ֆորմալ առիթով, որ նաեւ Խորհրդային Միության կառավարելի կազմաքանդման մոսկովյան ծրագրի գլխավոր տարրն էր: Ճշմարիտ է սակայն, որ Արցախի ազատագրումը չէր իրականանա առանց որոշիչ գործոնի՝ հայ ազատամարտիկի անձնազոհության:

1992-1994 թվականների պատերազմական կամպանիան ներգծվում էր Կովկասը լքող Ռուսաստանի ռազմավարական մշակումների մեջ: Բազմիցս ցեղասպանված Հայաստանը գրեթե երկու դար ավանդաբար հավատարիմ էր մնում իր դահճին՝ Ռուսաստանին: Բաքուն, ընդհակառակը, երբեք հավատարիմ չէր բարերար ծնողին, բացի այդ նա արյամբ հարազատ էր Թուրքիային ու հավատքով՝ Իրանին, ուստի ենթակա չէր Մոսկվայից հեռավար հսկողության: Հայաստանը, ավաղ, 1994-ի հաղթանակից հետո զլացավ Կովկասում նոր իրողություն ստեղծել, ինչի համար էլ հիմա ջարդի ծանոթ ճամփան է բռնել: Միջազգային հանրության սառը հայացքի ներքո:

Այս պայմաններում 2020-ին Մոսկվան փորձում է ռազմական իմաստով վերահաստատվել Անդրկովկասում եւ կատարում է իր համար բնական ոչ միայն քաղաքական, այլ եւ քաղաքակրթական ընտրությունը հօգուտ նույնքան ցեղասպան Թուրքիայի եւ պետերբուրգյան կաբինետների ծնունդ այսպես կոչված «Ադրբեջանի»՝ ընդդեմ Հայաստանի: Ժամանակն էր, որ մի գիշատիչը հայկական ալարկոտ մարմնի հերթական պատառը հրամցնի մյուս գիշատիչին:

Ադեկվատ է արդյոք Մանուկյանը այս դրամատիկ պահին: Կասկած չի առաջացնում, որ Մանուկյանը պարզամիտ չէ եւ գիտե պահի միջազգային բաղադրութունը՝ խաղի չգրված կանոնները: Բացի այդ, նա տիրապետում է դեմագոգիայի բոլոր հնարքներին՝ ձայնի հուզական մոդուլյացիային, դադարի ճիշտ տեւողությանը, բառի եւ նախադասության կշռին եւ երանգին: Այս հմտությունը էական է ոչ միայն հայ ժողովրդի հետ չփվելիս, այլ եւ դրսի: 

Մնում է միայն կռահել՝ աշխարհագրական-քաղաքական բարիկադների որ կողմում է Վազգեն Մանուկյանը իրականում

Կարեւոր է նաեւ, որ ժանրի կանոնների շրջանակում վարչապետության հավակնորդը հրապարակավ ընդունեց ռուսամետի «պիտակը»: Հիմա արդեն հնարավորություն է առաջանում հարցնել. Վազգեն ջան, բա դու էդքան ոչ սորոսական, ոչ նժդեհական, ոտքից գլուխ ռուսական՝ ինչու է ուրեմն նորից մոլեգնում մեր դարավոր բարեկամն ու միակ ռազմավարական դաշնակիցը, մենք իրա ցավը տանենք: Հաճախ է լսելու այս հարցը:

Բացառված չէ, ուրեմն, որ «ինիցիացիայի» ընդգծված թատերականությունը ամենեւին պարտադրյալ չէր: Փոխարքայի աթոռի հավակնորդը զուրկ է Նիկոլի պոետական անմիջականությունից, ուստի մնում է միայն կռահել՝ բարիկադների որ կողմում է Վազգեն Մանուկյանը իրականում, այսպես ասած՝ իր հոգու հանրահաշվական խորխորուտներում, երբ ցասմնալից քննադատության է ենթարկում չարանենգ Արեւմուտքը եւ նույն Արեւմուտքին ատելի Թուրքիան, հրապարակային երդում տալիս ռուսական թագին եւ ծունկը խոնարհ համբուրում կապիտուլյացիայի սրբազան ճերմակը: Ինչ էր տառապանքը ըստ Նիկողոսի իմացանք, ցավոք: Ի՞նչ է հայրենիքի փրկություն ըստ Վազգենի:

.

Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>

  |