Ինչ կլինի Հայաստանը, ինչ կլինի Արցախը, կհեռանա արդյոք Փաշինյանը, ինչ այլընտրանք կա Ռուսաստանի դերին: Այս հարցերից միայն մեկն է լիովին հասու հայ հանրային կարծիքին. Նիկոլ Փաշինյանի խնդիրը: Քաղաքականության բացարձակ անձնավորման հետեւանք հանդիսացող այս խնդրից էլ փորձենք քանդել հարցերի կծիկը
.
Հ
անգամանքները հետեւյալն են: Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հասցեին պատժիչ հարվածների տարափը: Առիթ չի փնտրվում, դրա կարիքը չկա՝ Մոսկվայի առջեւ Փաշինյանի ծնկաչոք երկիրը ինքնին առիթ է: Ահա արդեն Բաքուն հայտարարում է Մեղրիից բացի էլի մի «անվտանգության միջանցքի» պայմանավորվածության մասին Պուտին-Էրդողան զույգի հետ [RBC, 1]: Կրեմլը ոչ ժխտում է գաղափարը, ոչ էլ մեկնաբանում անվտանգություն բառի իմաստը: Հեյդար-օղլուն դրդելու մոսկովյան միտումը ակնհայտ է եւ պրագմատիկ պարզ նպատակ է հետապնդում:
Ինչպես է բացատրվում Հայաստանը պերմանենտ պատժելու անհրաժեշտությունը ռուսաստանցիներին: Հայաստանը, Փաշինյանի օրոք, դավաճանել է Ռուսաստանին եւ արժանի է լավ քոթակի, ահա ռուսական լրատվամիջոցներին Կրեմլից «իջեցված» կաղապարը: Պատժաչափը մնում է բաց՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի ընդամենը անվանական գոյությունը: Հնարավոր է դա էլ չեղարկվի, թողնելով հայկական տիտղոսը միայն Արցախի մնացորդին՝ իբրեւ ինքնավարությամբ օժտված ՌԴ պրոտեկտորատի:
Այսպիսով, Լավրովյան ծրագիրը նախաձեռնած Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի դահճի եւ Արցախի փրկարարի դերերով միաժամանակ: Այսպիսի տեխնոլոգիական հնարքը հնարավոր է բանեցնել բացառապես թերզարգացած հանրության պարագային: Ինքնիշխան պետականության քիչ թե շատ զարգացած մակարդակը կբացառեր նման պրիմիտիվ թշնամական պրիյոմի կիրառումը:
Նկատենք, որ Մոսկվայի կամակատար Փաշինյանի ռեժիմի ախոյանները քաղաքական այն խմբակներն են, որոնք անմնացորդ նվիրում են ցուցաբերում նույն «միակ ռազմավարական դաշնակցին»: Այս պայմաններում երկու չէ՝ տասներկու դերով կարելի է հանդես գալ: Կամ՝ տասնյոթ:
Ռուսաստանի ղեկավար Պուտինի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին ունի պարզ բացատրություն: Հայրենասիրական ձգտումներ եւ փորձի ցավալի պակաս, զայրույթի եւ մելամաղձության ակնբախ հերթագայություն, հավատարմություն «կադրային ծանծաղուտի» գաղափարին, պատմական գիտելիքի շոշափելի բացեր, հայ պետականության հեղհեղուկ տեսլական՝ ահա Պուտինի սիրելին լինելու բավարար հիմքը:
Հնարավո՞ր է այս «արժանիքների» ասպարեզում գերազանցել Նիկոլ Փաշինյանին: Դժվար է՝ կարիքն էլ չկա: Մոսկվան Հայաստանը «արցախացնելու» ճանապարհին կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանից միանգամայն գոհ է եւ հենց այնպես նրան չի զիջի: Այս հանգրվանին 17 հայաստանաբնակ ռուսական կուսակցությունները ու տարբեր տեսակի շքանշանակիր վարչապետացուները բավականին խոցելի են ու գլխացավանք են Կրեմլի համար:
Շոյգուն՝ Փաշինյանին. «Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել եռակողմ հայտարարությունը անկասելի իրականացնելու ուղղությամբ եւ թույլ չտալ որեւե սադրանք»
Երեւան, 21 նոյեմբեր 2020
Բացի այդ, «ռուսականները» Ֆաշիստի կամ թեկուզ ըմբոստի պիտակ էլ չունեն՝ այդ դեպքում ինչի՞ համար պատժվի Հայաստանը: Առայժմ, նրանց միակ ֆունկցիան է հուսահատություն սերմանել հանրության մեջ: Այս պայմաններում Ռուսաստանի պրոտեկտորատ՝ կրտած Արցախը հիրավի «փրկության փարոս» կշողշողա թուրքերին ոտնատակ դարձող հայաստանցիների համար: Այնժամ միայն ընդդիմադիրները պետք կգան: Մոսկվային, անշուշտ:
Հայաստանցի-արցախցի-սփյուռքահայ բաժանումը, որ հայ պետական մտքի ապուշագույն «եռամիության» գոհարն էր, ահա, իրականանում է: Այսպիսով, հայ ընդհանրության վերականգնվելու միակ շանսը պիտի մնա Հայաստանը Արցախին ռուսական պայմաններով միացնելը: Սա է վերեւ հիշատակված պրագմատիկան:
«Միացումը» ինչպես մոսկովյան գաղափար էր 1987-ին, այնպես էլ մնաց մոսկովյան, առավել եւս գործողության այժմյան հակառակ ուղղության պարագային: Ինչու այսպես եղավ: Պատասխանը մեր կերած քյաբաբը գիտե: Միացոմը փոխեցինք վառած մսով:
Ինչ վերաբերում է այս պահին ամենակարեւոր՝ զոհվածների, անհայտ կորածների եւ գերիների վերադարձի խնդրին, ապա իրադարձությունները վկայում են, որ հարցը նույնպես գտնվում է ռուս-թրքական սրտառուչ պայմանավորվածության տիրույթում: Այն ձգձգվելու է բավականաչափ, մինչեւ հայ հանրությանը պատվաստվի անձամբ Պուտինի միջամտության անայլընտրանքության գաղափարը: Այդ ժամանակ սպասելի է հրապարակային նոր դրսեւորումը Մոսկվայից:
.
Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>