Lragir.am իր խմբագրականում գրում է.
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ-առաջարկով պարբերաբար հանդես եկող ՀՀ նախագահ Սարգսյանը նպաստում է ռեժիմի լեգիտիմացմանը, բառի իսկական՝ հանրային վստահելիության իմաստով: Աշխատեցվում է «վատից վատն էլ կա» ժողովրդական անվրեպ լոգիկան
.
Ա
ռողջ տրամաբանությամբ շարժվողների քանակի մասին կարելի է դատել Վազգեն Մանուկյանի 17-նյակի կողմնակիցների սակավաթվությունից: Ակնառու է, որ փողոցը Հայաստանում միակ դեմոկրատական ինստիտուտն է, որքան էլ վերապահ լինենք: Տանը մնացող մարդիկ, բացի «իսկ ով է գալու» հարցադրումից, երկաթե եւս մի փաստարկ ունեն. «իսկ ո՞վ է պահանջում»: Այս նախագա՞հը, որ աջակցում էր Նիկոլին 100 տոկոսով, իսկ վճռական պահին գրավոր հրաժարվեց չաջակցելու իր սահմանադրական լիազորությունից:
Լիազորությունից հրաժարվեց, բայց մնաց նախագահ: Այսպիսի նախագահը ձեռնտու էր գործադիրին: Երկրորդը որտեղի՞ց էր ճարելու: Այսպես էլ ձեռք-ձեռքի տված՝ տարօրինակ օրակարգեր ձեւավորեցին վարչապետն ու նախագահը, վատնեցին թանկարժեք երկուսուկես տարին ու կանգնեցին տարօրինակ եւ արյունոտ պատերազմի շեմին: 44 օր անց էլ նախագահը մամուլից իմացավ իր երկրի կապիտուլյացիայի մասին: Մի քանի օր անց էլ «առաջարկեց» վարչապետի հրժարականը: Առաջարկների համար լրացուցիչ լիազորություններ պետք չեն:
Ինչ է տեղի ունենում: Փողոցային դեմոկրատիան իշխանության յուրաքանչյուր հավակնորդի թելադրում է լիդեր գումարած հարթակային պերսոնաժների եռյակ-քառյակ ձեւաչափը: Գերագույն լարումով նախարարների կաբինետի ապագա կորիզը հարթակից բոցավառ կոչեր է հնչեցնում: Լիդերը փայլում է քաղաքական ելեւէջներով, իսկ կուլիսների հետեւում Արմեն Սարգսյան անունով ֆիգուրն է միապաղաղ դամ քաշում՝ վայ-նախագահական ուսադիրները հագին: Ինչ-որ բան այստեղ մութ է:
Քաղաքական ուժերից հատկապես մեկին ՀՀ նախագահի աջակցելու կազուսը առայժմ մի կողմ դնենք: Այն, որ կառավարության հրաժարականի եւ Վազգեն Մանուկյանին աջակցելու խնդրով նախագահ Սարգսյանի որեւէ ակտիվություն պիտի հակառակ էֆեկտ գործեր՝ պարզ է բոլորին: Այդ դեպքում, ով է ղեկավարում ռեժիմի կայունացման եւ հավակնորդի դիրքերը տկարացնելու պրոցեսը:
Վազգեն Մանուկյանը, որ հետխորհրդային վարչական կոհորտից ակնառու առավել ինտելեկտուալ անձն է, զուրկ է գավառական կոմպլեքսներից, ունի քաղաքական փորձ ու հոտառություն եւ քաղաքական խաղի ճաշակ, հանրային առաջխաղացման այլ միջավայր, բացի 16/17-ից չի՞ գտնում: Դա քիչ էր, Սարգսյանն էլ կից: Առեղծված է:
Նախագահ Ա.Սարգսյան. «Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կլինի, որ կարձագանքի նախագահի [Ա.Սարգսյանի] առաջարկությանը»
Խորհրդային կարգերի օրոք Վազգեն Մանուկյանին փոխարքա կնշանակեին ուղղակի Մոսկվայից, իսկ երկրի տապալման ֆունկցիան «գերազանցի» կատարած Արմեն Սարգսյանին կուղարկեին, անշուշտ ոչ Լոնդոն, բայց որեւէ անգլալեզու նախկին գաղութ՝ իբրեւ ԽՍՀՄ դեսպան:
Բայց Միությունը չկա, նախկինները տքնում են, տքնում են ներկաները, իսկ հանրությունը լուռ է: Սա դեմոկրատական Հայաստանն է, պարոնայք, եւ առանց ժողովրդական կամքի՝ Ակադեմիա-Բաղրամյանի վրայով Ցեկայի շենք բանավոր հաղորդակցության չի ստացվի որեւէ բան փոխել: Նույնիսկ կանխորոշված պարտության ողբերգական մեթոդաբանությունը անզոր է:
Ապուշները Հայաստանում կտրուկ քչացել են եւ մի ք-ն մյուսով փոխելուց առաջ մարդիկ փորձում են հասկանալ, թե նոր գարշահոտություն բերող քամին որ ուղղությունից է փչում: Այսպիսի անպատեհ աշխարհագրական հետաքրքրասիրություն է արթնացել հայերի մեջ: Ափսոս Վազգենին:
.
լուսանկար՝ sputnik-armenia-Nersesyan