.
Պ
ատերազմում նահատակվածների գերզգայուն, չսպիացող թեման թեւակոխում է վտանգավոր մի փուլ: Այսպես կոչված «քաղաքական ուժերի» աթոռային գզվռտոցը 17-ն ընդդեմ 1-ի ձեւաչափով տեղափոխվել է «ազգ մարտնչող» թե «զոհ ազգ» երկընտրության ոլորտ: Ընտրությունը կատարվել է՝ զոհ ազգ
Ռուսական «բեսմերտնի պոլկ» զազրելի կավեէնական երթ, «Ռեքվիեմ-1,2,3,N» սիրողական հեռուստապատումներ, էկրաններից եւ թերթերից անդադար ողբացող խմբագիր եւ սյունակախոս «հա՞» տիկնայք՝ բոլորը լծված են մեկ խնդրի: Հայերի 1915-ի թվականի հոգեբանական տրավման նորով ամրապնդելուն, ժողովրդի կամքը կոտրելուն եւ երկիրը օտարի ողորմածությանը հանձնելուն:
Որոշեց միանալ նաեւ Նիկոլ Փաշինյանը: Եռօրյա սուգի հայտարարությունը ազգային մշակութային կոդը կոտրելու եւս մեկ փորձ է: Պատերազմը պատերազմ է՝ բնական կամ տեխնիկական աղետ չէ, եղեռն չէ, եւ պետական սգո կարգի հայտարարությունը կատարյալ անմտություն է: Քաջերը ընկան վեհ նպատակի համար եւ 17+1-ի ողբասացության մրցույթը չէ որ պիտի տնօրինի նրանց հիշատակը:
Մեկ բան է երբ ազգային մշակութային կոդը փորձում են կոտրել ինչ-որ խեղկատակներ եւ բոլորովին այլ բան՝ ինքը պետությունը ի դեմս գործադիրի: Հայերը չպիտի սգան զինվորների համար, հայերը պիտի հպարտանան նրանց սխրանքով՝ նրանք ընկել են մարտի դաշտում՝ զենքը ձեռքին: Սա է մեր մշակութային հիմնարար կոդը՝ հիշում ենք, հպարտանում եւ պատրաստ ենք մարտի: Նոր 1915, հարյուրամյակներով սգացող ազգի դրսից պատվաստած «չիփ» մեզ պետք չէ: Չխաբվենք:
Անդառնալի կորուստ ապրող հայրենակիցներին վշտակցելու ձեւեր կան: Եկեղեցին պատարագ մատուցեց, կա անհատական վշտակցություն եւ կարեկցանք: Լավագույն սփոփանքը կլիներ երկրի եւ ժողովրդի ապագայի պետական տեսլականը՝ ոչ թե անհույս սգո խավարի մեջ ընկղմվելը: Եռօրյա սուգը պիտի չեղարկվի այս կամ այն եղամնակով: Այն պետք է փոխարինել Եռաբլուրից դեպի Հանրապետության հրապարակ պարզ, առանց ռուսական «պետրուշիզմների» երթով եւ հրապարակում զինվորական ստորաբաժանումների խրոխտ քայլք կատարել: Առանց տրիբունաների եւ ճառերի: Ամեն ոգ իր մտքերով, եւ բոլորը մեկով՝ շարունակելու ենք:
Անբացատրելի սուգը բացի մշակութային կոդի խաթարումից տալու է նաեւ համաշխարհային տարակուսանքի առիթ: