Երբ 2015-ին Ռուսաստանը որորշեց իր ներքին քաղաքական խնդիրները լուծել Սիրիա ներխուժելու միջոցով, անմիջապես երկու ոտքով հայտնվեց թրքական թակարդում: Խոցված երկու ինքնաթիռները եւ սպանված մեկ դեսպանը ընդգծում էին Վլադիմիր Պուտինի անելանելի վիճակը: Ինչպես եւ կանխատեսվում էր, թուրքի խամաճիկ դարձած «իմպերիալիստն» ու «գեոստրատեգը» ի վերջո պիտի թիրախավորեր Հայաստանը
.
Ռ
ուս եւ թուրք պետական ավանդական հայատյացությունը պիտի իր հանցակիցը գտնեին ի դեմս «հինը» ժխտող եւ ազգային արմատներից զուրկ մի խմբակի, որ 2018-ից շահագործում էր սոցիալական օրինական բողոքը: Ժամանակները դաժան են ու սրընթաց, իսկ հայկական նիրհը, աշխարհից մեկուսացումը՝ խորը: Սեփական դերի աններելի նսեմացման հետեւանքները երկար չսպասեցրին:
Պայմանավորված պատերազմի միջոցով ռուս-թրքական Լավրովյան պլանի իրագործումը տարավ դեպի Հայաստանի ինքնիշխանության աննախադեպ ճնշում, երկրի տարացքային մասնատում եւ օկուպացիա, բնակչության զանգվածային արտագաղթի վտանգ: Սա շունչը փչող իմպերիաների սովորական վարմունք է՝ հարձակվել առավել հավատարիմ պրովինցիայի, գավառի վրա:
Հայաստանը, հայերը՝ ԽՍՀՄ միակ արվարձանն են, որ չեն կարողացել, կամ չեն ցանկացել դուրս գալ ռուսահպատակությունից, այս բառի լայն իմաստով: ԽՍՀՄ կառավարելի կազմաքանդման 1988-ի ծրագիրը, Արցախի գործոնի ներգրավումով, այդպես էր նախատեսել: Մնացած բոլորը, ընդգծենք, բոլորը Ռուսաստանին հստակ ասել են «մնաս բարով, ազատագրիչ»:
Տիպական վարմունքի արտահայտություն էր սատակվող Օսմանյան կայսրության հարձակումը «միլլեթ-ի սադիխայի»՝ այսինքն հավատարիմ հայերի վրա 1915-ին:
Նույնը արեց Ռուսական կայսրությունը թե Տաճկայահաստանում՝ մեղսակցելով ցեղասպան թուրքերին, թե բոլշեւիկները 1920-ին նախկին ռուսական տարածքում՝ առաջնորդելով ցեղասպան քեմալականներին: Շնորհիվ մարքսիստական գաղափարների շահագործման Ռուսական իմպերիային հաջողվեց գոյատեւել եւս 70 տարի:
Հիմա ռուսական իմպերիալիզմը կերպափոխվել է «սովորական», եթե օգտագործենք Միխայիլ Ռոմի բնորոշումը, նացիզմի [Կուլտուրա, 1]: Չկա այլեւս միավորող մարքսիստական գաղափարը, որ թույլ էր տալիս տարածել ռուսական հեգեմոնիան շուրջբոլորը: Դոնեցկի մատույցներում ռուս-ուկրաինական մարտերում վախճանվեց նաեւ պուտինյան «Ռուսական աշխարհը»:
Ռուսաստանի տնտեսությունը դոփում է տեղում, իսկ ջախջախումը միջազգային ասպարեզում կատարյալ է: Արցախում ռուսական զենքի պարտությունը հանգեցրել է արտաքին շուկայում սպառազինության վաճառքի աննախադեպ անկման՝ բոլորը հերթով հրաժարվում են նախաստորագրած գործարքներից հոգուտ ամերիկյանի, ֆրանսիականի, թրքականի եւ հրեականի:
Ռուս հասարակության մտածող մասի համար ծայրահեղ նվաստացնող է թուրքի խամաճիկի քաղաքական դերը, որում հայտնվել է երկիրը: Կրեմլի գրոհը Հայաստանի վրա Ռուսաստանում արդեն համեմատում են Աֆղանստանում միջամտության հետ: Բնական զուգահեռներ են տարվում Աֆղանստանում ֆիասկոից հետո ԽՍՀՄ փլուզման եւ Ռուսաստանի ներկա հեռանկարի միջեւ:
Այս իրադրության մեջ հարկ է հստակ պատկերացնել սպառնալիքի բուն ակունքը՝ Մոսկվան: Տեսնել վտանգի բնույթը եւ գրոհի հավանական ասպարեզների ողջ համալիրը: Թուրքերի մասնակցությամբ երկրի համատեղ մասնատումը «ա-լա 1920», մշակութային կոդի խաթարումը եւ բնակչության գաղթը պիտի հնարավորինս կանխվեն:
Իմպերիաները հավերժ չեն: 1988-ից ձգվող ռուսահպատակության պորտալարը պիտի կտրենք մենք, այլ ոչ սպասեք, թե երբ է տապալվող հսկան փաթաթելու այն մեր պարանոցին՝ դարավոր բարեկամության մասին շաղակրատանքի ներքո: Չմոռանանք, որ թրքական պետությունը եւս հայերի անցյալ դարասկզբի մահաբեր արտաքսումը որակում է իբրեւ պատերզմի արհավիրքից հայերին փրկելու բարեկամական գործողություն:
.
Նյութի դատողությունները կրում են բացառապես գնահատական բնույթ
Կարդացեք նաեւ