ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Մոսկվա նշանավորվեց հայկական Արցախի սողացող ոչնչացման նոր գործողությամբ: Պաշտոնական Բաքուն Պուտին-Փաշինյան շտապ հանդիպման բովանդակությունը բացում է ամենայն հստակությամբ
–
Փ
աշինյանի այցին զուգահեռ Բաքվի պարագլուխը ստորագրեց այսպես կոչված «Ադրբեջանի» նոր տնտեսական գոտավորման մասին հրամանագիրը: Չնայած տնտեսական անվանականին, դա անտարակույս քայլ է դեպի Մերձկասպայան Արեւմուտքի առաջիկա տարածքային-վարչական բաժանում: Հրամանագրով Արցախին կցվում են շրջակա տարածքները, որոնց ՀՀ հարող մասը հընթացս անվանվում է Արեւելյան Զանգեզուր:
Աչքի է զարնում երկու հանգամանք: «Մեծ Ղարաբաղի» ինքնավար մարզ ստեղծելու գաղափարը դեռ տարիներ առաջ ներկայացվել է իբրեւ Լավրովյան ծրագրի մեջ Բաքվի կառուցողական ներդրում: Գաղափարի շրջանակներում հայերին մշակութային ինքնավարություն տրամադրելը ներկայացվում էր իբրեւ մեծագույն զիջում՝ «նոր» Ղարաբաղում չնչին փոքրամասնություն կազմող հայությանը: Գաղափարը ընդունվել էր Մոսկվայում եւ անշեղ իրականացվում է: Ծրագրի իրականացման դեպքում ազգային ինքնորոշման սկզբունքը չեզոքացվում է ամենահուսալի եղանակով:
Մեծ Ղարաբաղից հայկական վարչական հատված առանձնացնելու տարբերակը նույնպես չի բացառվում, սակայն «նոյեմբեր 9-ի համաձայնությունից բխող իրողության» շրջանակներում՝ առանց Բաքվի կողմից գրավյալ շրջանների ներառման: «Ռուսական գոտում» թույլատրելի են որոշ մունիցիպալ զիջումներ՝ տարածքային սկզբունքով հավաքագրվող միլիցիա եւ սահմանափակ իրավասությամբ դատական մարմին, բնականաբար «Ադրբեջանի» սահմանադրության շրջանակներում:
Երկրորդ հանգամանքը՝ Սյունիքի հանդեպ քարտեզագրական ոտնձգության արձանագրումն է երկրի վարչական բաժանման մեջ, որը հետեւելու է ներկայիս տնտեսական անվանական արձանագրմանը: Սա բուն «Ադրբեջանի», իբրեւ հակաիրանական քարտեզագրական զենքի նոր կիրառությունն է արդեն Հայաստանի դեմ: Ավելորդ է նշել, թե երկու դեպքում էլ որ կողմն է նախաձեռնողը եւ հիմնական շահառուն:
Ինչպես տեսնում ենք, Բաքվի պարագլխի վարչարարությունը տարածվում է Արցախում ռուսական բանակի գրաված տարածքների վրա, ինչը պատահական չէ: Դա ռուսական կայազորի տեղակայման Բաքվի վարձն է: Թե որքան երկար կկարողանան այնտեղ գտնվել ռուս զինվորականները՝ բաց հարց է: Կարեւոր է, սակայն, որ Լավրովյան ծրագիրը մշակված է ամենայն մանրամասնությամբ եւ ներառում է ոչ միայն Արցախի տակավին հայաբնակ շրջանները, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի կարեւորագույն հատվածները:
Ահա հարցերի այն շրջանակը, որորնք նախագահ Պուտինը կցանկանար ամրագրված, կամ ինչպես ասում են դիվանագետները՝ պարաֆած տեսնել մինչեւ քաղաքականությունից իր հարկադրյալ հեռանալը: Համաձայն խոսնակ Պեսկովի, հունիսի 7-ի հանդիպմանը սահմանային հարցեր չեն քննարկվել: Քննարկվել են Հայաստանին վերաբերող կարեւոր այլ բաժիններ, մասնավորապես սրանք:
Ցավով պիտի նշենք, որ պետական եւ ազգային շինարարության, միջազգային կյանքում ակնբախ անմեղսունակություն դրսեւորող Հայաստանի կառավարությունը անտեսում է Արցախի օկուպացված տարածքներում, այդ թվում ռուսական զորքերի զբաղեցրած հատվածներում, Բաքվի ապօրինի վարչարարությունը: Հայաստանի եւ հայերի շահերը ոտնահարվում են առանց հայկական պետության դիմադրության:
Դատելով ՔՊ «քաղբյուրոյում» ներկայացված ծանոթ դեմքերից, վարչապետի պաշտոնակատարը ճիշտ չէ ընկալել ժողովրդական պողպատյա քվեի խորհուրդը: Եթե իր անձը դեռեւս ընդունելի է իբրեւ հնի «մերժողական» ստրատեգիան իրականացնող, ապա իբրեւ երկրի անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը ապահովող՝ միանգամայն անբավարար է: Անբավարար է, առաջին հերթին, իրեն շրջապատող «պարտության ասպետների» կոհորտի պատճառով: Քաղաքական ձեռնածուների փոխարեն մեզ անհրաժեշտ է հաղթանակի կոհորտ: Ունի՞ այդպիսին Փաշինյանը: Ոստիկանության պահակազորը հաշիվ չէ՝ խոսքը նախեւառաջ գաղափարային ասպարեզին է վերաբերում:
Կարդացեք նաեւ
.