ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չճանաչել Նախիջեւանի եւ Արցախի օտարումը. Չլինել «իդեալական զոհ»

.

  | 

Այն, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իրականացնում է դեռեւս 2020-2021 ձմռանը ենթադրված [Եզերք, 1] կառավարելի ետքաշման ծրագիր, այժմ կասկած չի հարուցում նույնիսկ ռուս փորձագետների շրջանում [Տրենին, 2], [Տարասով, 3]: Ցանկալի էր իմանալ նահանջի ժամանակացույցը, սակայն դրա ստույգ պատկերացումը չունեն նույնիսկ մանյովրի մոսկովյան հեղինակները: Մեզ ուղիղ վերաբերողն այն է, որ այդ ռազմավարությունը իբրեւ սկզբունք ենթադրում է հայերի մարդկային, տարածքային եւ տնտեսական կարողության վերջնական սպառում: Հնարավ՞որ է արդյոք խուսափել դրանից: Փորձենք պատասխանել

Ն

ախքան բուն խնդրին անդրադառնալը, նշենք, որ տեղեկություններ են հասնում Աֆղանստան-Տաջիկստան թատերաբեմում ռուսական նահանջի ստրատեգիայի փորձարկման մասին, ինչը ծայրաստիճան լարել է Մոսկվա-Դուշամբե հարաբերությունները: Թե ինչու նման թշնամական մոտեցում չի ցուցաբերվում որեւէ թյուրքական միավորի նկատմամաբ, կարելի է տեղեկանալ այստեղից [Եզերք, 4]: Եթե կարճ՝ պատճառը ռուսների եւ թյուրքերի քաղաքակրթական հիմնային հարազատության մեջ է:

Մեզ կարեւոր է գիտակցել խնդրո առարկա հայկական ռեսուրսի յուրահատկությունը: Այն Ռուսաստանի համար իդեալական է նրանով, որ Կովկասում եւ Միջին Արեւելքում Մոսկվային ներկայացնում է անհրաժեշտ միջոց եւ հանդիսանում է ոչնչացման թիրախ՝ միաժամանակ: Կենցաղային լեզվի թարգմանած, եթե դուք ուզում եք որեւէ մեկին վերացնել, ապա իդեալական կլիներ, եթե այդ մեկը ձեզ որեւէ կարեւոր ծառայություն մատուցեր եւ այդ ընթացքում վերանար ինքնիրեն, ընդ որում՝ վառ պահեր կատարած պարտքի վեհ զգացումը սերունդների սրտում: Վերջին հանգամանքը անհրաժեշտ է «իդեալական զոհի» վերարտադրությունը ապահովելու տեսակետից: 

Նոր եւ նորագույն շրջանի հայերը ռուս պետության համար իդեալական են: Բնական է, որ նման «բարեբախտությունը» հնարավոր է միայն հայկական սպեցիֆիկ մտայնության հետեւանքով, որն, իդեպ, միայն «ռուսի» վրա չէ, որ կենտրոնացած է: Օտարապաշտության այլ օբյեկտներ էլ կան, ինչը ազգին խոցելի է դարձնում տարբեր ուղղություններից: Չմոռանանք, որ հայերի հանդեպ Էդիպյան բարդույթի կրող են նաեւ արեւմտյան տերությունները: Ռուսանպաստ վարչախմբերի «ԼՌՍՆ» շարանի հեռացումը ասպարեզից ինքնին չի լուծում հայկական զոհականության հիմքում գտնվող արատավոր մտայնության խնդիրը: Հիվանդությունը շատ ավելի խորն է եւ ետխորհրդային քառյակի ֆունկցիոնալ դարակը երկար թափուր չի մնա: Այն արագ կլցվի անվանապես տարբեր բայց նույնքան օտարապաշտ բովանդակությամբ:

Ադրբ. ԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմը լքել է առանց Արցախի: 20-ականների սահմանների ճանաչումը նշանակում է Նախիջեւանի եւ Արցախի իրավական օտարում՝ 1921թ. Կարսի պայմանագրի մասնակի ճանաչումով

Չարյաց արմատը սեփական նշանակության հիվանդագին նվազեցումն է. սուբյեկտության սկզբունքային բացառումը /Ա/: «Նախ ուժեղանանք, հետո թփրտանք» հայտնի մեմը այդպիսի բացառման առավել տարածված հոգեբանական ծուղակներից է: Ինքնին հասկանալի է, որ ոչնչացման պատրաստին կուլ են տալու դեռեւս «չուժեղացած» վիճակում, ինչը եւ տեղի է ունենում: Ընդ որում, ուտելու են նաեւ «իրական» դաշնակից ներկայացողները /Բ/: Խոսքը Արեւմուտքի մասին է: Գործել պետք է այն վիճակում, որը կա, օգտվելով իրադրության վրա ազդելու չնչին իսկ հնարավորությունից: Այստեղ արմատականը «ազդել» բառն է, ոչ թե «հարմարվելը»: Ժամանակակից հայկական մոտեցումը տրամագծորեն հակառակն է՝ չմասնակցել ոչնչի /Գ/: Արդյունքը, ցավոք, ավելի քան շոշափելի է: Զավեշտալի է, որ ոչնչացման եզրին կանգնած ազգի գերակշռող մտայնությունը այն է, որ «հարմարվելու շնորհիվ է, որ դեռ կանք»: Ահա եւս մեկ հոգեբանական ծուղակ:

Հայերի ինքնանվաստացման բարդույթը առաջացել է վաղուց, բայց ոչ 387 թվականին, ինչպես ընդունված է հայկական պատմագիտության մեջ: Բեկման մոտավոր տարեթիվը ընկած է 1071 եւ 1204 թվականների միջեւ: Դրանք Մանազկերտի ճակատամարտի, որին հայերը մասնակցեցին երկու կողմերից էլ, եւ լատինացիների թիրախ դարձած հայկական Կոնստանդնուպոլսի անկման հայտնի տարեթվերն են: Այդ ժամանակ տապալվեց հայկական կայսերական ոգին: Ընդարձակ կայսերական եւ ինքնամփոփ գավառական՝ իրարամերժ մոտեցումներով /Դ/ առաջնորդվող հայության երկու տեսակի դաժան քաղաքացիական պատերազմի հետեւանքները չշտկվեցին նույնիսկ Կիլիկյան խառնարանի մեջ: Կենսունակ չէր նաեւ 1918-1920 թվականների պետության փորձը: Տապալման է մոտ նաեւ 1988-2021 թվականների պատեհությունը: Ըստերեւույթին, պատմությունը նոր հնարավորություն չի տրամադրելու: Ահա թե ինչու կարեւոր է ամեն գնով օգտագործել այս մեկը: 

20-ականների «հայանպաստ» սահմանները ծուղակ են Նախիջեւանի եւ Արցախի համար

Ետընթաց վերլուծության եւ ետխորհրդային շրջանի մոտեցումների արմատական փոխարինման կարիք կա: Երեւանը չպիտի սպասի Մոսկվայի թշնամական ծրագրերի իրականացմանը, այլ ուժերի ներածին չափ ազդի այդ ծրագրերի ընթացքին, նկատի ունենալով իր հանդեպ թշնամանքի այն ծայրագույն աստիճանը, որին ականատես ենք Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանի ավարտին [Պեսկով, 5]: Այս առումով, «միջանցքների» խնդիրը դառնում է ավելի քան սկզբունքային՝ ընդ որում, առաջին հերթին ռուս նախագահի «վերջին խաղը» ձախողելու իմաստով: Հայաստնը ետխորհրդային միակ ուղղությունն է, որի վրա Կրեմլը դեռ հույս ունի նահանջ կզմակերպել: Այդ հույսի հայերն են տրամադրում չնայած հազարավոր զոհերի:

Նախիջեւանի այսպես կոչված «հանրապեության» գոյության խնդիրը պետք է բաց մնա ՀՀ Անկախության հռչակագրի ոգով /Ե/: 2010 թ. ադմինիստրատիվ սահմանագծման եւ 1989թ. դեկտեմբերի 1-ի Արցախյան որոշման իրավական կոլիզիան պետք է հարթվի նույնպես հռչակագրի ոգով եւ իր արտացոլումը գտնի ԱԺ կազմի մեջ /Զ/: «Ադրբեջանի Հանրապետության» խորհրդային սահմանների ճանաչումը նշանակում է անմիջապես Նախիջեւանի, այնուհետեւ նաեւ Արցախի օտարման իրավական ճանաչում ՀՀ կողմից: Դա 1921թ. Կարսի պայմանագրի մասնակի նորոգում կլինի՝ Կարսն ու Արարատը հերթի են կանգնելու: Իրավական հարթման խնդիր է նաեւ Ադրբ. ԽՍՀ հեռանալը ԽՍՀՄ կազմից առանց Արցախի՝ Խորհրդային Միության օրենքի ճշգրիտ կատարումով:

Գնացող Ռուսաստանը պետք է գնա որքան հնարավոր է արագ /Է/: Օբյեկտի վիճակում մնացող Հայաստանը կարող է անհարկի պատրանքների տեղիք տալ Մոսկվայում, երկարաձգել ու խորացնել աղետալի վիճակը: Կենտրոնածումը սեփական ցավերի վրա բխում է նաեւ սանիկ ռուս ժողովրդի արմատական շահերից: Միայն հստակ վարքագծով Հայաստանը կարող է խթանել դաշնակցային կայուն եւ բազմազան կապերի գոյացումը: Առավել հեռանկարային է արաբական եւ իրանական աշխարհը՝ իբրեւ հայերի հանդեպ կոմպլեքսներ չկրողների /Ը/: Այս նյութի մեջ ուրվագծված Ա-Ը դրույթների փոխազդեցությունը կդիտարկենք մոտակա հրապարակումներում:

.

Ռուսական տրամադրվածության մասին կարդացեք այստեղ՝
Ազգային անարգանք Մոսկվայում. Ինչ պակասեց հովվապետին

  |