Ռուսական իշխանափոխության ամենահավանական սցենար է մնում լոկալ պատերազմը կամ լայնածավալ տեռորը: Դրա օգտին են խոսում չեչենական պատերազմի փաստը եւ ԽՍՀՄ փլուզման արյունալի հանգամանքները: Հակահայ ջարդերն իբրեւ ներքին խնդիրների լուծման զորեղ միջոց կիռարվել են Ռուսաստան/ԽՍՀՄ տարածքում 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը անդադար [Եզերք, 1]: 1905-ի Բաքուն ու 1916-ի Վանը մեկ ծրագրի մասեր էին: Լայն ընդգրկումով, Արցախյան շարժումը ԽՍՀՄ վերաֆորմատավորման՝ դեռեւս 1980-ականների սկզբին մշակված ռազմավարության գործիքակազմից է եղել: 1988-1990-ի Սումգայիթ-Բաքուն ու 1991-ի Կոլցո օպերացիան [Կրիվոպուսկով, 2] եւս ցեղասպան համապարփակ տեռորի մասեր էին: Պատահական չէ, որ 2020 աշնանային հարձակումը նույնպաես ընդգծված ահաբեկչական բնույթ ուներ, ընդ որում՝ միջազգային: Մոսկովյան պլանավորողների համար հայությունը մնում է Ռուսաստանի եւ Կովկասի առավել անպաշտպան տարր: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հայ ժողովրդի դեմ հյուսիսից մղվող կատաղի հոգեբանական պատերազմի եւ «խաղաղության դարաշրջանի» պաշտոնական քարոզի նպատակներից է հենց այդպիսի հավաքական «կատարյալ նոխազի» ձեւավորումը: Ճիշտ է նաեւ այն, որ նոր դրությունը, թեպետ հին սպառնալիքներ է պարունակում, միաժամանակ, էապես տարբեր է
–
Տ
արբերությունն այն է, որ հետխորհրդային շրջանը, ի դեմս երեք նախագահների կառավարումը պսակած Փաշինյանի ռեժիմի, մոտեցել է ավարտին: Այս հանգամանքը, որ սերտ շաղկապված է Ռուսաստանում իշխանության տրանզիտի հետ, առաջին պլան է մղում հակաահաբեկչական ազգային ռազմավարության հրամայականը: Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունը, շնորհիվ 44-օրյա հերոսամարտի հազարավոր զոհերի, ազգային պետության բավարար ներուժ ունի, որը կդրսեւորվի ռուս-թուրքական տանդեմի ահաբեկչական սցենարների իրականացման դեպքում:
Ռուս-թուրքական մրցակցությունը եւ «հայաստան-պատիվների» հակաթուրքական շինծու հռետորաբանությունը չպիտի շեղի մեր ուշադրությունը. 1916-ին օսմանյան եւ ցարական բանակները պատերազմում էին միմյանց դեմ, ինչը ամենեւին չխանգարեց իրականացնել երկու կողմերին հավասարապես անհրաժեշտ ցեղասպանության պլանը: Ընհակառակը, «մենք գրոհենք-նահանջենք՝ դուք էլ ընթացքում հայերին ջարդեք» մարտավարության շրջանակներում պատերազմը մեծապես օգնեց այդ պլաններին: 1919-ի գարնանը ռուս-թուրքական ալյանսը ֆորմալ ձեւակերպում ստացավ անկախ Հայաստանի Հանրապետության եւ հայերի ոչնչացմանն ուղված Լենին-Քեմալ մեմորանդումի կամ նախապայմանագրի տեսքով: Ինչպես տեսնում ենք, նույնիսկ երկրների քաղաքական ռեժիմների կտրուկ փոփոխությունը որեւէ ազդեցություն չգործեց գոյաբանական շահագրգռություն ներկայացնող ընթացքների վրա: Հայկական կողմը բացարձակապես անպատրաստ էր նման զարգացումներին առաջին հերթին տեսական հարթության մեջ եւ կորցրեց իր տրամադրության տակ գտնվող անխտիր բոլոր պատեհությունները՝ ռուս եւ թուրք գիշատիչ պետությունների [RFE/RL, 3] ապագան թավ հարցականի տակ դնելու համար [Regnum, 4]:
Հարկ է նշել, որ 2021 հոտեմբեր 19-21 Երեւանում ՀՀ ԳԱԱ կազմակերպած գիտաժողովը, որ հիմնականում կեղծիքի ու ողբագրության ողորմելի խառնուրդ էր, մոսկովյան մշտարթուն էմիսարի հայացքի ներքո խնամքով շրջանցեց այս կարեւորագույն հանգամանքների գիտական վերլուծությունը եւ շարունակեց շաղակրատել «ռուս բոլշեւիկների սխալների ու մոլորությունների» մասին: Այսպիսի «գիտական» մոբիլիզացիան, իբրեւ հոգեբանական պատերազմի տարր, կոչված է բարոյազրկել հանրությանը եւ խափանել դրության համակարգված վերլուծությունը ռուսական ներկայության 200 եւ ավելի տարիների ընդգրկումով: Այդպիսով փորձ է արվում սաստել ռուս-թուրքական տեռորին հասցվելիք հակահարվածի ուժգնությունը: Ապարդյուն ջանքեր են:
Կովկասում Հայաստանի միջոցով Ռուսաստանի ներկայության պահպանումը անհնարին է դառնում
Դրությունը քննելիս, պետք է նաեւ ընդունել, որ 2020-ի պատերազմական գործողություններից հետո, հատկապես հակահայ հոգեբանական պատերազմի ահագնացող «որոտների» տակ, հանրության մի մասը բնազդաբար վանում է տեռորի հեռանկարը: Այդուհանդերձ, դատելով հանրային քննարկումների վերջին օրերի միտումներից, վերջապես ձեւավորվում են լայն շերտեր, որ գիտակցում են վտանգը եւ պատրաստ են դիմել օրինական դիմադրության միջոցների թե Հայաստանում, թե արտասահմանում, ինչը Ռուսաստանյան Դաշնությունը կդնի ներքին ու արտաքին ծանրագույն դրության շեմին:
Այսպիսով, «սումգայիթյան» տեսակի տեռորը Ռուսաստանը վերածելու է ազգամիջյան անհամաձայնության մեծ ասպարեզի, ուր բախվելու են մեկ կողմից տասնյակ էթնիկ տարրերի եւ մյուս կոլմից ռուսների շահերը: Հայաստանի միջոցով Կովկասում Ռուսաստանի ներկայության պահպանման մասին խոսելը, առհասարակ, ավելորդ է դառնալու:
Ահաբեկչական սցենարների կառավարումը, որպես փակուղուց որեւէ կերպ ճողոպրելու եղանակ, անկասկած, մշակվում է մոսկովյան համապատասխան ծառայությունների ստորաբաժանումներում եւ հաստատություններում: Այդպես էր նաեւ գորբաչեւյան Ռուսաստանում, այդպես է հիմա: Հիմքում 1989-ի ռումինական հեղափոխության կենտրոն հունգարաբնակ Տիմիշոարայի օրինակն է: Ճիշտ նույն սցենարը կիրառվել էր նաեւ 1990-ի Բաքվում: Երկու դեպքում էլ իբրեւ դրության ուժային փոփոխության հաղորդիչ կամ մեդիում օգտագործվել էին ազգային փոքրամասնությունները՝ մեկ դեպքում հունգարականը, մյուսում հայկականը:
Առաջին պլան է գալիս հակաահաբեկչական ռազմավարության հրամայականը
Այս տիպի զարգացումների հեռանկարը ամենեւին գաղտնիք չէ, ինչպես գաղտնիք չէր Սեպտեմբեր 27-ի սցենարը: Հայերի համար խնդիրը այս անգամ ոչ միայն վնասի նվազեցումն է, այլ հակաահաբեկչական անդրադարձման այնպիսի շեշտադրումները, որ մեկընդմիշտ կհեռացնեն ռուսական 200-ամյա արյունոտ պատուհասը թե ժողովրդի, թե պետության գլխից: Այլընտրանք չկա: Ռուսական հանրության բոլոր շերտերում տարիներ շարունակ հակահայ հիստերիա սերմանողները պիտի գիտակցեն երկու կարեւորագույն իրողություն, որոնց մասին կարելի է խոսել հրապարակավ:
Նախ, ինչպես նշեցինք սկզբում, կա փաշինյանակերպ Հայաստան իր կոպիրկինյան պառլամենտով եւ կա խորքային Հայաստան՝ պետություն անհրաժեշտ բոլոր ֆորմալ պիտույքներով, որոնք արագ լծվելու են հակատեռորի ծրագրերի: Երկրորդը. հանրությունը գիտակցում է, որ Պուտին-Լավրովի ծրագրով հայ ժողովուրդը եւ նրա պետականությունը այժմ կանգնեցված են ավելի մեծ աղետի առջեւ, քան Էնվեր-Թալաաթինը 1915-ին էր եւ Լենին-Քեմալինը 1919-ին: Հայաստանի դեմ համատեղ նոր ագրեսիայի, տնտեսական շանտաժի, պետական-իրավական բնույթի բռնիշխան գործողությունների կամ Ռուսաստանում ծայրահեղական դրսեւորումների դեպքում բովանդակ հայությունը առաջնորդելու է հսկա երկիրը պատմական չգոյության ուղիով: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին չի փրկի:
Ինչ վերաբերում է հայ 107 պառլամենտականներին, ապա նրանք պետք է պատրաստվեն կարեւոր որոշումների ի նպաստ Հայաստան հայրենիքի: Նրանց ոչ ոք չէր ստիպել «ընտրվել»: Թերեւս այդպես ազատվեն պատասխանատվությունից մինչ այժմ արածի եւ չարածի համար: Որոշակի մասը պետք է մանդատները զիջեն հոգուտ տարածքային սկզբունքով Արցախի ժողովուրդը ներկայացնող պատգամավորների՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման շրջանակներում:
.
Կարդացեք նաեւ Չենք թողնի Հայաստան վերգտնեք. Կամ «Կարս-2» ռեզերվացիա, կամ…
Իրանը Հայաստանի գեոքաղաքական իր «քարտեզն» ունի. Իսկ Հայաստա՞նը