Նախասլավոններին վայրենությունից հանած եւ ներկայիս Ռուսաստանը մսուրից շուրջ կես հազարամյակ առաջնորդած հայերն ու շվեդացիները բախվել են «սանիկի» ստեղծած պաշտպանական համանման խնդիրների: Այդուհանդերձ, ռուսների շվեդ եւ հայ մայրիկ ու հարիկի, կամ հայրիկ ու մայրիկի ժամանակակից մոտեցումները տրամագծորեն հակառակ են, ինչի տխուր հանրագումարին ականատես դարձանք 2020 նոյեմբեր 9-ին: Ինչպե՞ս են ապահովելու իրենց անվտանգությունը Ռուսաստանի պատերազմական աճող սպառնալիքների առջեւ կանգնած շվեդացիները: 2020 թվականի Արցախյան կամպանիայի դասերը այս բավականին ծավալուն ակնարկի հեղինակների ուշադրության կենտրոնում են
.
ՄԻԽԱՅԵԼ ԿԼԱԵՍՍՈՆ և ԶԵԲՈՒԼՈՆ ՔԱՐԼԵՆԴԵՐ /Շվեդիա/
Ռազմագիտական վերլուծություն
Լ
եռնային Ղարաբաղ, 2020 թվական: Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև լարվածության աճին զուգահեռ փոքր բախումները շուտով վերածվեցին մարտերի: Ավանդական մարտադաշտի հիմնական տանկերի և հրետանու փոխարեն խաղի կանոնները թելադրեցին սպառազեն աթս-ները: Օգտագործելով թուրքական արտադրության աթս-ներ, Բաքվի ուժերը ոչնչացրեցին իրենց մարտավարական ելման դիրքերում գտնվող հակառակորդի բազմաթիվ տանկեր և զրահափոխադրիչներ՝ հայկական կողմին զրկելով համարժեք պատասխանի հնարավորությունից։ Աշխարհի ռազմական վերլուծաբանները արձանագրեցին, որ նոր տեխնոլոգիաների բացած հնարավորությունները կարող են էապես փոխել ժամանակակից մարտադաշտի ամփոփիչ պատկերը:
Սակայն, երբ քննարկման առարկա է նոր տեխնոլոգիաների մարտական ինտեգրումը, փոքր պետությունների հեռանկարը հաճախ բացակայում է: Մեզ համար սա անձնական խնդիր է. մեկս շվեդական միացյալ գործողությունների շտաբի պետն է, իսկ մյուսը շվեդական պահեստազորի հետևակի ստորաբաժանման հրամանատար: Մեր փորձառությունն ու հարցի կերեւորությունը դրդեցին միասին մի գիրք գրել՝ Ռազմավարական այլընտրանքներ. Շվեդիայիանվտանգությանապագան:
Այս գրքում մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես փոքր պետությունները, ռեսուրսների սղության պատճառով, հաճախ ստիպված են ստեղծագործ և նորարար ուղիներ գտնել նոր տեխնիկա ներդնելու համար՝ որպեսզի հաղթահարեն, կամ գոնե հավասարակշռեն մեծ ռեսուրսներով օժտված հակառակորդի առավելությունը: Թեեւ Հայաստանի և Բաքվի զինված ուժերը թվաքանակով գրեթե հավասր էին՝ այն, թե ինչպես են կողմերն օգտագործում տարբեր հայեցակարգերը և տեխնոլոգիական հենահարթակները, կարևոր դաս է ավելի մեծ թշնամիների առջև կանգնած փոքր պետությունների համար:
Փոքր պետությունները կարող են հայտնաբերել ասիմետրիկ այնպիսի առավելություններ, որոնք ի զորու են ռազմական խնդիրներ ստեղծել ավելի մեծ հակառակորդների համար, եթե որդեգրեն լավ մտածված հայեցակարգեր, որոնք իրենց հերթին միավորում են եղած կարողությունների զարգացումը, ռազմական դոկտրինները, կրթությունը, վարժությունները և, իհարկե, մարտական օպերատիվ մշակումը: Նկատենք, որ ընդհանուր առմամբ, փոքր պետություններին հասու չէ նորագույն տեխնոլոգիաների ողջ սպեկտրը: Ուստի, ավելի մեծ հակառակորդի դեմ օպերատիվ ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմական հնարավորությունների օգտագործումը պետք է ուղեկցվի խելացի մարտավարությամբ և մշակված մեթոդաբանությամբ։
Պատերազմի ապագան ներկա է
Այժմ մենք մտնում ենք մի շրջան, որ սովորաբար կոչվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխություն եւ բնութագրվում է տեխնոլոգիաների և հենահարթակների միաձուլմամբ՝ «համակարգերի համակարգի» տեսքով: Նոր տեխնոլոգիան բնորոշում է այս զարգացումը հետեւյալ կերպ. տվյալների ավելի արագ փոխանցում կատարյալ բջջային ցանցերի միջոցով (5G), փոխկապակցված բաղադրիչներ («իրերի ինտերնետ»), ինքնավար համակարգեր, ադիտիվ արտադրություն (3D տպագրություն), կենսատեխնոլոգիա և արհեստական բանականություն՝ ստվար տվյալներ մշակելու ունակ մեքենայական ուսուցման աջակցությամբ: Այսպիսի թե աստիճանական, թե հեղափոխական զարգացումը կարող է հանգեցնել մարդկային ողջ գործունեության, ռազմականը ներառյալ, կտրուկ և արագ վերափոխմանը:
Նախորդ արդյունաբերական հեղափոխությունների ժամանակ նորարարությունը անմիջապես ինտեգրվել է ռազմական հնարավորությունների հետ, ինչպիսիք են զենքի համակարգերը, փոխադրումների ապահովումը և մարտական կազմակերպումը: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը շատ չի տարբերվելու: Բացի այդ, քաղաքացիական հատվածը, ինչպես բիզնեսում, այնպես էլ ակադեմիական շրջանակներում, այսօր հանդիսանում է տեխնոլոգիական զարգացումների առաջնահերթ խթանող: Իրոք, շատ երկրների պաշտպանական արդյունաբերության ավանդական ոլորտներն այժմ դժվարանում են հասնել զարգացման և ներդրումների վրա կենտրոնացած բիզնեսների նորարարական տեմպերին: Հետևաբար, յուրաքանչյուրը, ով ի վիճակի է ստեղծել ինտերֆեյս քաղաքացիական նորարարության և ռազմական կարողությունների զարգացման միջև, ամենայն հավանականությամբ, ոչ հեռավոր ապագայում կտիրանա մի շարք գործառնական առավելությունների:
Ասում եք, հեղափոխությու՞ն է պետք…
Թվում է, ռազմագիտական հայեցակարգերի և կարողության համատեքստում որպես հռետորական հնարք բնական կլինի օգտագործել «հեղափոխություն» եզրույթը ՝ արագ և արմատական փոփոխությունը փաստարկելու համար: Այնուամենայնիվ, ռազմական հեղափոխության գաղափարի անվերապահ ընդունումը այն վտանգն է պարունակում, որ առկա կարողությունը վաղաժամ կապամոնտաժվի: Ակնհայտ ռիսկն կա, որ դրույք կատարելով այն կարողությունների վրա, որոնք հասունանալու համար դեռ տարիներ ու ռեսուրս են պահանջելու՝ կորսվի «այստեղ և հիմա» ռազմական խնդիրները լուծելու հնարավորությունը:
Վերոհիշյալի օրինակ է Սառը պատերազմի ավարտից հետո ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության (հաճախ կոչվում է «Շվեդական տոտալ պաշտպանության հայեցակարգ») կրճատումը: Տարածքային պաշտպանությունից, որը լավ ծառայեց Շվեդիային Սառը պատերազմի ժամանակ, զգույշությամբ հերանալուն հաջորդեցին մի շարք արմատական մաքրազարդումներ 1996, 2000 և 2001 թվականների պաշտպանական օրինագծերով: Վերջին հարվածը հասցվեց 2004-ի օրինագծով, որը հիմնովին փոխեց շվեդական պաշտպանության ճարտարապետությունը թե ծավալի, թե կարողության իմաստով: Զինվորականների վերակողմնորոշումը կտրուկ արագացնող գործոններից մեկը եղավ «ցանցակենտրոն պաշտպանության հայեցակարգը», որը մասամբ հիմնված էր ամերիկյան ուսումնասիրությունների և հայեցակարգային մշակումների վրա. Այն ներկայացվում է իբրեւ «ռազմագիտական հեղափոխություն»։
Սառը պատերազմի ավարտը իր հետ բերեց «ռազմավարական դադար, թայմաուտ», որն իբր լավ պայմաններ ստեղծեց հնից ազատվելու և նորի հետ փորձեր սկսելու համար: Այնուամենայնիվ, բեկումնային նոր հնարավորությունների խոստումը երբեք չիրականացավ, թեև հայեցակարգը տեւական օգտագործվում էր շարքերում կրճատումները խթանելու նպատակով:
1996-ից 2004 թվականներին ընդունված որոշումները շատ առումներով կազմում են Շվեդիայի պաշտպանության հայեցակարգի առջեւ այժմ ծառացած այսօրվա մարտահրավերների ակունքը: Սառը պատերազմի ավարտից մինչև 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի օտարումը, Շվեդիան և նրա զինված ուժերը կենտրոնացան միջազգային ճգնաժամային կառավարման և կայունացման գործողությունների վրա: Շվեդական զինված ուժերի կյանքում գերակշռում էր արտերկրյա ներգրավումը: Շվեդական հավակնությունների մի զգալի բաժին է ներդրվել նաեւ Եվրոպական միության բարձր պատրաստականության հայեցակարգի մեջ, որը ներառում է ԵՄ Մարտական խմբի հայեցակարգը:
Հակառակորդի դեմ առավելագույն օպերատիվ ազդեցության հասնելու համար ներգրավված ռազմական հնարավորությունները պարտադիր չէ, որ ամբողջությամբ արտացոլեն նույն հակառակորդից պաշտպանվելու համար անհրաժեշտ կարողությունները
Ժամանակին բազմաթիվ նախազգուշական նշաններ կային, որ գալիս էին Ռուսաստանի հարևան երկրներից։ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմին հաջորդեց ոչ միայն Ռուսաստանի ռազմական կարողությունների շեստակի աճը, այլև Մոսկվայի ավելի ագրեսիվ պահվածքը, օրինակ, Բալթիկ ծովի տարածաշրջանում: Այնուամենայնիվ, միայն Ռուսաստանի կողմից Ղրիմի օտարումից հետո Շվեդիան և եվրոպական այլ երկրներ սկսեցին անվտանգությունն ու պաշտպանությունը դնել իրենց քաղաքական օրակարգի առաջին հերթում: Շվեդիայի խորհրդարանը 2015 և 2020 թվականներին ընդունել է պաշտպանության երկու օրինագիծ, որոնք սկիզբ են դրել ռազմական կարողությունների զգալի աճին: 2015 թվականին Շվեդիայի պաշտպանության բյուջեն տարեկան կազմում էր մոտավորապես 4 միլիարդ դոլար: 2021 թվականին բյուջեն հավասարվել է 6 միլիարդ դոլարի՝ շարունակելով աճել մինչև տարեկան 9 միլիարդ դոլար 2025 թվականին անդառաջ: Դադարեցված զորակոչը վերսկսվել է 2018 թվականին, և սպառազեն անձնակազմի թիվը տասը տարուց պակաս ժամկետում 55000-ից պիտի հասնի 90000-ի։
Լրջագույն մարտահրավեր է բանակի վերակառուցումը, որը 20 տարի կենտրոնացած էր արտերկրում ծավալվելու վրա: Հարկ է վերածել այն գերտերության կամ մեծ տերության հետ մրցակից մի ուժի: Այս խնդիրը իր ազդեցությունն ունի ամեն ինչի վրա՝ սկսած մարդկային ռեսուրսից մինչև հայեցակարգային ընգրկում: Մարտահրավերին առերեսվելով՝ արժե հարցնել, արդյոք Շվեդիայի նման երկրները ստիպված են սիմետրիկ մոտենալ հակառակորդին: Փոքր և միջին տերությունները երբևէ կկարողանա՞ն տիրապետել հավանական ճգնաժամը կամ պատերազմը, որին մասնակցում է ռազմական առումով մեծ ռեսուրսներ ունեցող և ունակ հակառակորդը, եթե նրանք շարունակեն մրցել՝ կիրառելով կարողությունների զարգացման լիովին փոխադարձ, սիմետրիկ մոտեցում: Մեր գրքում մենք պնդում ենք, որ «այստեղ և հիմա» տեղի ունեցող պաշտպանության հիմքը միշտ կազմում է գոյություն ունեցող համակարգը: Շվեդիայի նման երկրները պետք է կուտակեն նոր և զարգացող տեխնոլոգիաների մասին գիտելիքները և կիրառեն դրանք ներկայիս ուժի շրջանակներում: Նրանք նաև պետք է բացահայտեն վճռական որոշման ժամանակյին այն կետերը, երբ կարող են տեղի ունենալ պաշտպանական հայեցակարգերի հիմնարար փոփոխությունները, ինչպես նաև որոշել դրանց ապահովման միջոցները:
Ռազմավարության մեջ դադար կամ թայմաութ հասկացություն գոյություն չունի
Հեղափոխության հայեցակարգով կամ արագ և արմատական փոփոխությունների ակնկալիքով հրապուրվելու փոխարեն, բազմաթիվ պատճառներ կան հակվելու դեպի աստիճանական մոտեցում, թեև երբեմն որորշ հեղափոխական տարրերով: Պետության անվտանգության իրավիճակը հազվադեպ է մշտական՝ դրա փոխարեն այն տատանվում է արտաքին զարգացումների և հետագա աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական հանգամանքների ազդեցությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ պետք է ձևավորվի այնպիսի ուժ, որն ի վիճակի կլինի դիմակայել ապագա սպառնալիքներին՝ առանց ներկա պահին անսպասելի ճգնաժամերին կամ հակամարտություններին անպատրաստ դառնալու: Որքան փոքր է պետությունը, այնքան ավելի բարձր է ռազմավարական սխալ հաշվարկների գինը: Այս համատեքստում է, որ մենք դիտարկում ենք, թե ինչպես կարող են փոքր պետությունները հավասարակշռել, մի կողմից, չափազանց պահպանողական և նոր տեխնոլոգիաների և փոփոխությունների նկատմամբ դիմադրող լինելու, իսկ մյուս կողմից՝ հիացմունքի և անապացույց համակարգերի չափազանց ենթակա լինելու ռիսկերի միջև: Այս ծայրահեղություններից որևէ մեկի նկատմամբ չափազանց մեծ հակում ունենալով, ամենայն հավանականությամբ, կարելի է կանգնել ռազմի դաշտում հակառակորդի դեմ ուժը կործնելու վտանգի առաջ:
Ուղեցույց փոքր տերությունների համար
Ռազմական հնարավորություններ ձևավորելիս փոքր կամ միջին պետության տեսանկյունից գույություն ունի մի քանի տարբեր մոտեցում՝նոր տեխնոլոգիաների կիրառմանը աջակցելու համար: Նոր տեխնոլոգիաները պետք է աստիճանաբար ընդունվեն և հիմնվեն առկա հիմնահարթակների և համակարգերի վրա: Սա կառուցվածքային միջոց է՝ քայլ առ քայլ մեծացնելու գործառնական կարողությունները և միաժամանակ գիտելիքներ ձեռք բերել նոր տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Ձեռք բերված գիտելիքներն այնուհետև բնական հիմք կստեղծեն տեխնոլոգիական հիմնական տեղաշարժերի վերաբերյալ որոշումների համար՝ ի աջակցություն նոր կարողությունների ստեղծման և իրականացման ավելի համապարփակ քայլի: Այս աստիճանական մոտեցումը կարող է նաև աջակցել հավելյալ վստահության ձևավորմանը ոչ միայն որոշում կայացնողների միջեւ, այլ նաև երկրի բնակչության ավելի լայն շերտերում:
Տեխնոլոգիական կախումը կարող է ստեղծել ռազմավարական կախվածություններ, որոնք սահմանափակելու են անկախ որոշումների կայացումը՝ հատկապես սպառնալից ճգնաժամի կամ պատերազմի ժամանակ
Գրքում առաջարկվող մոտեցումը ապահովում է նաև նոր և հեռանկարային տեխնոլոգիաների համապատասխանեցումը իրավական նոր հենքին՝ երկրի ռազմավարական մշակույթին, արժեհամակարգին և քաղաքականությանը համապատասխան: Այս մոտեցումը պահանջում է մանրակրկիտ մշակված ռազմավարական ելակետ՝ որոշումների ընդունման ժամանակային հստակ հանգույց-կետերով: Այլ կերպ ասած, թե երբ և ինչպես կատարել տեխնոլոգիական թռիչքներ՝ միևնույն ժամանակ նկատի ունենալով համապատասխան ռազմական կարողությունների պահպանումը, որպեսզի հնարավոր լինի ակտիվորեն զբաղվել անվտանգության ընթացիկ մարտահրավերներով: Ռազմավարության մեջ դադար, թայմաութ հասկացություն գոյություն չունի: Էվոլյուցիոն մոտեցումը պետք է շարունակի մնալ փոքր և միջին տերությունների նախընտրած մոտեցումը իրենց զինված ուժերում նոր և զարգացող տեխնոլոգիաների ներդրման հարցում։
Հասկանալի պատճառներով սա պետք է ոչ միայն ուղեկցվի, այլև առաջնորդվի լավ հավասարակշռված հայեցակարգերով և դոկտրիններով, որոնք տանում են դեպի այն գործառնական որմնախորսերի բացահայտումը, որտեղ նոր տեխնոլոգիաները կարող են արագորեն ազդեցություն ունենալ: Նման ոլորտները կարող են ներառել արհեստական ինտելեկտի ներդրումը, որին աջակցում է մեքենայական ուսուցումը՝ ռազմական որոշումների կայացմանն աջակցելու համար, կամ, օրինակ, փոքր արբանյակների օգտագործումը՝ սենսորների ընդլայնաված ծածկույթին աջակցելու համար:
Քաղաքացիական դերակատարները, ինչպիսիք են իննովացիոն կենտրոնները, համալսարանները և հետազոտական հաստատություները, ինչպես նաև տարբեր տեսակի ձեռնարկությունները, հիմնականում առաջնորդում են տեխնոլոգիական զարգացմամբ: Զարգացման ցիկլերի տեմպերն արդեն իսկ բարձր են և գնալով արագանում են։ Սա հաճախ կտրուկ հակադրվում է պլանավորման և գնումների կառավարական բյուրոկրատիաների մշակույթներին, որոնք սովորաբար ուրճացված են և չեն շարժվում ռազմավարական կամ գործառնական կարիքի տեմպերով: Այս իրավիճակը պահանջում է համագործակցության և ներգրավվածության նոր ձևեր կառավարությունների, ձեռնարկությունների, իննովացիոն կենտրոնների և ակադեմիական շրջանակների միջև: Նման համագործակցությունը պետք է փորձի ապահովել լավագույն պայմանները տեխնոլոգիայի զարգացման բոլոր մասերի, փուլերի և ասպեկտների համար: Այնուամենայնիվ, սա պետական դերակատարներից կպահանջի նաև մշակել հստակ ռազմավարություններ և մեթոդական աջակցություն՝ տարբեր ծրագրերի շարունակման վերաբերյալ որոշումների ժամանակին կայացումը հեշտացնելու համար: Վերջինը հույժ հրատապ է։ Փոքր պետությունների ղեկավարները պետք է ունենան կարողություն և քաջություն՝ չեղյալ համարելու խոշոր նախագծերը, եթե պարզ է, որ դրանք շուտով հնանալու են:
Համապատասխանության արագությամբ
Փոքր և միջին երկրների համար նոր տեխնոլոգիաների առջեւ բաց լինելու հիմնավոր պատճառներ կան: Այնուամենայնիվ, պետք չէ պարզապես փորձել կրկնօրինակել այլ երկրների և պոտենցիալ հակառակորդների հնարավորությունները՝ առանց կոնկրետ ռազմավարական համատեքստի վերլուծության, ինչպես նաև իրական օպերացիոն միջավայրի այլ պարամետրերի պատշաճ հաշվարկի: Հակառակորդի դեմ առավելագույն օպերատիվ ազդեցության հասնելու համար ներգրավված ռազմական հնարավորությունները պարտադիր չէ, որ ամբողջությամբ արտացոլեն նույն հակառակորդից պաշտպանվելու համար անհրաժեշտ կարողությունները: Տեխնոլոգիաների զարգացումը որպես ռազմական կարողությունների զարգացման մաս պետք է հիմնված լինի հավասարակշռված ընտրության և ռիսկերի հաշվարկի վրա: Ավելին, միայն այն պատճառով, որ գոյություն ունի որոշակի տեխնոլոգիա կամ էլ պոտենցիալ հակառակորդը կարող է ունենալ որոշակի հնարավորություն, միշտ չէ, որ պետք է այդ տեխնոլոգիային կամ կարողությանը մոտենալ պարզունակ, «գծային» ձևով:
Նոր և զարգացող տեխնոլոգիաների ազդեցության մասին գիտելիքների ձեռքբերումը մնում է առանցքային գործոն, որն ընդգծում է հետազոտությունների, ուսումնասիրությունների, փորձերի և փորձարկումների անցկացման կարևորությունը՝ սեփական, ինչպես նաև հավանական հակառակորդների թույլ կողմերը բացահայտելու համար: Այս գործողությունները պետք է իրականացվեն նաև այնպիսի տեմպերով, որոնք արտացոլում են ոլորտներում արագ զարգացումը՝ սկսած ինքնավար համակարգերից մինչև կենսատեխնոլոգիա:
Խորը և գործառնական հայեցակարգային գիտելիքները նաև մեծացնում են պետական համակրգի հաջողությունը՝ որպես գնորդի եւ պատվիրատուի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային պաշտպանական շուկաներում: Այն պետությունները, որոնք չունեն նոր տեխնոլոգիաների վերաբերյալ համապատասխան մակարդակի գիտելիքների և փորձի ձեռքբերման ինստիտուցիոնալ ձև, հաճախ կանգնած են արտաքին արտադրողներից եւ մատակարարներից տոտալ կախվածության վտանգի տակ: Սա կարող է ստեղծել ռազմավարական այնպիսի կախվածություններ, որոնք կարող են սահմանափակել անկախ որոշումների կայացումը, հատկապես սպառնալից ճգնաժամի կամ պատերազմի ժամանակ:
Շվեդիայի դեպքում կառավարությունը նշել է մի քանի ոլորտներ, որոնք պետք է համարվեն ազգային անվտանգության կարևորագույն շահ և, որպես այդպիսին, պահանջում են նախնական ներքին մշակում, աշխատանքային նախագծում և արդյունաբերական արտադրություն: Այս ոլորտները ուղեկցվում են նաև բավականին մեծ և երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններով, որոնք, իհարկե, նաև պարունակում են մի շարք բարդություններ, որոնք իրենց հերթին պահանջում են մանրակրկիտ և կանոնավոր ստուգումներ: Կա ակնհայտ ռիսկ, որ կառավարության երկարաժամկետ պարտավորությունների առաջացնելու են ազգային ռազմարդյունաբերության «գեր կատվի սինդրոմ»: Այս ռիսկը պետք է մեղմացվի երկխոսության միջոցով, որին աջակցում են հստակ չափանիշներով եւ պահանջներով օժտված պայմանագրային հարաբերությունները, ինչպես նաև կառավարություն եւ կապալառուների սեղանի երկու կողմերում տիրող ընդհանուր կուլտուրան:
Դժվար ընտրության շրջան
Ռազմավարական ընտրություններն իրենց բնույթով ծանր և բարդ են, և այն հարցերը, որոնք նոր և հեռանկարային տեխնոլոգիաները դնում են մեր առջեւ, բոլորը մեկառմեկ ինքնին մարտահրավեր են: Այնուամենայնիվ, այսպես կոչված չորրորդ արդյունաբերական հեղափոխության առանձնահատկությունները՝ իր «համակարգերի համակարգ» մոտեցմամբ, պետք է արտացոլվեն այն բանում, թե ինչպես են այս նոր տեխնոլոգիաները միաձուլվում նոր կամ ընդլայնված ռազմական կարողությունների մեջ: Սա նաև ավելի է շեշտում համապարփակ մոտեցման կարևորությունը և ընդգծում է, որ երկրները պետք է լինեն լայնախոհ և թույլ չտան իրենց ներքաշել ավանդական մտքի և հնացած օրինաչափությունների որոգայթի մեջ:
Նորարարությունը և տեխնիկական զարգացումը հաճախ են հանգեցնում տարբեր բարդության մարտահրավերների: Շվեդիան և շատ այլ փոքր և միջին երկրներ, համեմատաբար մոտ ապագայում բախվելու են մի քանի ռազմավարական ընտրության հետ, որոնք բխում են նորարարության և տեխնոլոգիաների շարունակական զարգացման արդյունքում առաջացած պահանջներից: Ուստի, կարևոր է նաև բացահայտել առաջացող հնարավորությունների երկար ցուցակը: Այս նոր տեխնոլոգիաները հնարավորություններ են ստեղծում հաղթահարելու և՛ առկա, և՛ ապագա սպառնալիքները, գուցե նաև ավելի մեծ չափով ասիմետրիկ և ոչ գծային լուծումների միջոցով: Այո, պրագմատիկ գործարքներ և փոխզիջումներ գտնելու կարողությունը կշարունակի անհրաժեշտություն լինել փոքր պետությունների պաշտպանական քաղաքականության հայեցակարգերի հաջող մշակման համար: Նույն ընթացքով, նոր և զարգացող տեխնոլոգիաները կարող են նոր ասպարեզ առաջարկել փոքր և միջին պետությունների համար, որտեղ նրանք կարող են օգտագործել հնարավորությունները՝ փոխհատուցելու ավելի մեծ և ավելի լավ ռեսուրսներ ունեցող հակառակորդների առավելությոնը, բայց միայն այն դեպքում, եթե նրանք բավականաչափ համարձակ լինեն՝ օգտվելու ընձեռվող հնարավորությունից:
.
War on the Rocks, Washington, թարգմանաբար
29 դեկտեմբերի, 2021
.
Շարադրանքից պետք է պարզ դառնա, թե հայտնի հակումների եւ մտահորիզոնի տեր գործիչը եւ որեւէ հակումներից զուրկ նրա գավառական խմբակը կարող են արդյոք առնչություն ունենալ նման բարդության խնդիրների լուծմանը, թե ոչ:
Հարցը հռետորական է: Սա նշանակում է, որ ներկայիս Հայաստանում տեղի է ունենում ինքնիշխանության լիակատար զրոյացում: Ընդ որում շատերի համար փափագելի ստրկական, նեոգաղութային սցենարը խիստ անհավանական է լինելու: Առավել հավանական է մեկ սերնդի հասունացման ընթացքին 29 հազար ք.կմ տարծքի լիակատար հայազրկումը եւ «հայ» տիտղոսի աշխարհագրական վերջին հանգրվանի վերացումը: Կոտորածի՝ թե տնտեսկան, կամ ժողովրդագրական, կամ մշակութային նվաճման, թե այլ ճնշումների եղանակը մնալու է թշնամու քմահաճ ընտրությանը: Հասկանալի է նաեւ, որ առայժմ ընտրությունը հայ ժողովրդի մտավոր վերնախավինն է, եթե այդպիսին դերեւս կա:
.
Լուսանկարում՝ SAAB շվեդական ընկերությունը հաստատել է իր ընդգրկումը բրիտանական կողմի ղեկավարած՝ վեցերորդ սերնդի ռազմական ինքնաթիռի ստեղծման ծրագրում: Ակնկալվում է JAS 39 Grippen E ինքնաթիռի մոտաժամկետ վերափոխում, առավել քան ավելի հեռավոր ապագայում բոլորովին նոր կործանիչի ստեղծում | AFP/GETTY
.
.
.
.
Կարդացեք նաեւ՝