Կիլիկիայի Արքայական տան Արամ Ա Կաթողիկոսը հունվար 14-ին Անթիլիասում լիբանանահայ մտավորականության առջեւ հարկ է համարել հայերենից հայերեն թարգմանել 2022-ը «Սփյուռքի տարի» հռչակելու մասին ամսույս 9-ի իր ուղերձը: Բնական է, որ Փաշինյանի կառավարությանը ուղղված քննադատության հատվածները բացակայում են Արմենպրես պետական գործակալության հաղորդագրության մեջ [Արմենպրես, 1]: Որոնք են Սփյուռքի եւ Հայաստանի ճակատագրով տագնապած Կաթողիկոսի կրկնական եւ ծավալուն անդրադարձի պատճառները
.
«Ս
փիւռքը սկսած է անտարբեր ըլլալ ինքն իր նկատմամբ, յուսախաբ ըլլալ Հայաստանի նկատմամբ, յատկապէս` վերջին քանի մը տարիներուն, Արցախի պատերազմէն ետք», – մասնավորապես ասել է Կաթողիկոսը [Վեհարան, 2]:
Անշուշտ տագնապի պատճառները «քանի մը տարիներուն» ընթացքին են բազմացել: Անշուշտ, 2020-ի Արցախյան կամպանիայի արդյունքները դառն են: Անցյալ դարասկզբին ցեղասպանության ասպարեզ հանդիսացած, այնուհետեւ վերապրողների ապաստան դարձած Լիբանանի եւ Սիրիայի գաղութների վիճակը նույնպես ծայրաստիճան երերուն է: Եվրոպական եւ ամերիկյան մայրցամաքների Սփյուռքը եւս բախվել է աննախադեպ մարտահրավերների: Սակայն պետք է լիներ հայրապետական երկրորդ անդրադարձի անմիջական եւ ծանրակշիռ առիթ:
Բոլոր հիմքերը կան համարելու, որ նույն խնդրին մեկ շաբաթ չանցած Արամ Առաջինի երկրորդ անդրադարձը թելադրված է հունվար 14-ին Մոսկվայում ՌԴ հովանու ներքո կայացած Ռուսաստանում ԹՀ դեսպան Սամսարի, հատուկ բանագնաց Քըլըչի եւ թուրքական ներկայացմամբ «աշխարհին անհայտ», անդրոշ երկրին [Էրդողան, 16:30 րոպեից, 3] եւ նույն ներկայացմամբ՝ «թափառական» ցեղին պատկանող անձի հանդիպումով:
Բանն այն է, որ իբր «առանց նախապայմանների» եւ իբր ընդամենը պարզ «նորմալացում» ներկայցվող գործունեությունը իհարկե այդպիսին չէ: Իրականում այն ունի ծանր նախապայմաններ եւ հանգեցնում է իրավական անհանդուրժելի հետեւանքների: Այս մասին, ինչպես խոստացել ենք [Եզերք, 4], դեռ կխոսենք:
Հիմա նշենք, որ միայն պաշտոնական շփումների փաստը՝ դեռեւս դիվանագիտական հարաբեուտյունների հաստատումը չկայացած, ինքնին հուժկու հարված է հասցնում հայկական Սփյուռքին իր բովանդակ կազմով: Խոսքը Կաթողիկոսի նշած թե ավանդականի, թե սոցճամբարի, թե ՀՀ-ից գաղթածների արտասահմանյան համադրության մասին է: Խոսքը այդ բաղադրիչների փոխհարաբերության խաթարման մասին է:
Ինչու այդպես: Նկատենք, որ մեծ տերությունները, Միացյալ Եվրոպան, Իրանը զգուշավոր, բայց գոհունակությամբ են ընդունել հայ-թրքական շփումների մեկնարկը: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հակառակ դեպքում շփումների հովանավորումը մնալու էր Մոսկվայի մենաշնորհ: Սրանք միջազգային դերակատարների պարտադիր քայլեր են, եւ թուրք դիվանագիտությունը հենց այդ ակնկալիքը ուներ: Շփումներին զուգահեռ նախագահ Էրդողանը նորոգել է ԵՄ միանալու ցանկությունը:
Այս պարզունակ ծուղակը չէ՞ր տեսնում պաշտոնական Երեւանը: Այժմ Անկարան արդեն հուսալի փակում է Սփյուռքի՝ իբրեւ հայ պահանջատիրության սուբյեկտի բերանը: Տեսե՛ք, նորմալանում ենք, ինչ պահանջի մասին կարող է խոսք լինել, ի՞նչ ցեղասպանության հետեւանքներ, ի՞նչ հայկական տարածքների օկուպացիա: Այլեւս բարեկամություն է, առեւտուր, խաղաղության դարաշրջան, դուք շահում եք մեծ Թուրքիայի մեծահոգությունը, սսկվեք, «անհայրենիք քոչվորներ»:
Ահա այսպես կոչված «առանց նախապայմանների նորմալացման» առաջին զոհը՝ հայ Սփուռքը: Պետք է հստակ գիտակցել, որ առանց ընդարձակ հայրենիքի վերագտման, առանց գույքային եւ դրամական կորուստների հատուցման՝ առանց ներկայիս ՀՀ ազգային դիմագծի, առանց 2020-ին ցեղասպանության էլ ավելի սրված ծանրագույն հոգեբանական տրավմայի փոխհատուցման ընդհանուր հեռանկարի Սփյուռքը դատապարտված է սրընթաց կազմալուծման: Սա եւս ասում է Արամ Ա Վեհափառը եւ մանրամասն ծրագիր ներկայացնում:
Այս բոլորը պիտի Կիլիկիայի Կաթողիկոսը ճարահատյալ մատնանշե՞ր համբերատար սպասումից հետո: ՀՀ կառավարությունը ո՞ր մեխի գլուխն է այդ դեպքում: Կա հայ-թրքական «նորմալացման» այս ծանր հանգամանքների մասին որեւէ ակնարկ Փաշինյան-Միրզոյան զույգի զավեշտալի բազմախոսության մեջ? Ոչ մեկ ակնարկ: Միամտություն կլինել ենթադրել, թե 1921 թվականի ոճրագործությունը կոծկելու Լավրովյան պլանի ծիրում Սփյուռքը պիտի խնայվեր:
Հայրենի իշխանությունները առաջին իսկ դժվարության դեպքում հայացքը անմիջապես Սփյուռքին ուղղելու տասնամյակների սովորություն ունեն: «Հայաստանի վերանկախացումէն ետք, 30 տարուան ընթացքին Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան մասին խօսեցանք: Հզօր Հայաստան կ՚ենթադրէ հզօր Սփիւռք եւ փոխադարձաբար, սակայն այս բոլորը մնացին կարգախօսներու սահմաններուն մէջ», – նշում է Արամ Ա Վեհափառը իր խոսքում: Պատկերացնենք, սա էլ արդեն չլինի՝ Սփյուռք չկա այլեւս, եւ ուր է ուղղելու հայ պաշտոնյան իր մանկական անմեղ աչերը: Ճիշտ է, Ռուսաստանին ու Թուրքիային՝ յուղոտ «ատկատի» սովոր փափլիկ ձեռքն էլ հետը: Փոխարենը նոր զիջումների ջերմ պատրաստակամությամբ: Եթե թույլ տանք:
Թե Սփյուռքի հետ համատեղ հայ-թուրքական խնդրով ինչ պիտի արվի փոխարենը՝ նույնպես առանձին:
…………
Լուսանկարում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս, Անթիլիաս | Վեհարան
.
.
.
Կարդացեք նաեւ՝