ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Լավրով, Լավրով՝ մինչեւ վերջ. Հարց է, ու՞մ վերջ

Սերգեյ Լավրով, Մոսկվա, Սմոլենսկայա-Սեննայա 32/34, 2020 հոկտեմբեր 14, – «Գիտեք, չկար երջանկություն բայց դժբախտությունը օգնության հասավ, գուցե այս դժբախտությունը [Արցախյան պատերազմը] մեզ օգնի գտնել Ղարաբաղյան խնդրի արդար լուծում… Օկուպացված տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին ու կբացվեն ճանապարհները, առեւտուր կլինի, ԼՂ ստատուսի հարցն էլ կհետաձգվի, ռուս խաղարարներ կտեղակայվեն» | RT

 

Մոսկվայում պատկերացնու՞մ են, թե ինչ ասել է հայերի համար Մարգարիտա Սիմոնյանի պատկերը պատերազմի քննարկման ֆոնին: Անշուշտ պատկերացնում են: Այդուհանդերձ ՌԴ արտգործնախարար Լավրովի հոկտեմբեր 14-ի հարցազրույցի ժամանակ եթերում կառուցվեց հենց այդ միզանսցենը

.

Ա

րդյոք պատկերացնու՞մ են, թե ինչ է նշանակում տիկին Սիմոնյանի պսպղուն «բիչիմը», անառիթ ուրախությունն ու զվարթ մարմնախաղը [Sputnik] [RT հոլովակ] հարյուրավոր զավակների կորուստը սգացող Հայաստանի աչքերում: Կարծում ենք, հրաշալի պատկերացնում են: 

Փորձենք տեսնել, թե ինչ կա այդ ցուցադրական առհամարանքի տակ, որն էր կարիքը. որ ստիպեց այն մատուցել այդ աստիճան գռեհիկ: Անշուշտ, կարեւոր է տեսնել երեւույթի բացառապես քաղաքական բաղադրիչը:  Շոուի նախաձեռնողների արժեհամակարգի եւ բարոյականի մասին խոսելը միանգամայն դատարկ զբաղմունք է:

Մնաս բարով, Հայաստա՞ն

Արդյո՞ք Լարովն ու Մարգարիտան դեմոնստրացիան Հայաստանին հրաժեշտ տալու մասին Կրեմլում արդեն կայացած որոշման հետեւանք է: Դժվար է ենթադրել, որ դա ընդամենը անուղղելի կայսերական առհամարանքի հետեւանք է: Կարծում ենք ոչ՝ առհամարանքը անհրաժեշտության պարագային կարելի էր նաեւ թաքցնել:

Ամենայն հավանականությամբ, որոշումը իրոք կայացած է եւ ահա Սիմոնյան-Բաբայան զվարթ զույգի միջոցով ցուցադրվում է Բաքվին: Մնում է գնահատել որոշման հետեւանքները Հայաստանի համար:

Լավրով. «Օկուպացված տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին ու կբացվեն ճանապարհները, առեւտուր կլինի, ԼՂ ստատուսի հարցն էլ  կհետաձգվի, ռուս խաղարարներ կտեղակայվեն»

Ռուսական շտաբային շրջանակներում ընթանում են քննարկումներ, թե ինչո՞վ կարելի է օգնել Արցախում հողից ատամներով կառչած հայերին: Քնարկումների հանդարտությունը վկայում է ռուսական իշխանության վերին հարկերում տիրող կատարյալ շփոթի մասին. Հայաստանն է կարեւոր, թե ԱՄՆ-ին «հակադրվող» Թուրքիան: Եթե վերնախավը ունենար Ռուսաստանի ապագայի հարցում որեւը հստակ պատկերացում, ապա սպայակույտի ռեակցիան այլ կլիներ: Հարց է. կայի՞ն արդյոք թեկուզ տեսական նախադրյալներ Կովկասում ռուսական ռացիոնալ մոտեցման համար: Նկատի ունենք, բացառապես ռուսական շահերի տեսանկյունը, իհարկե:

Ազնիվ լինելու համար, ասենք, որ 1919-ի գարնանը  Հայաստանի եւ հայ ժողովրդի փաստացի ոչնչացման մասին Մուստաֆա Քեմալին արված բոլշեւիկյան առաջարկից հետո Ռուսաստանի ճակատագիրը կանխորոշված էր: Առաջին ակտը տեղի ունեցավ 1988-ին, հիմա, 100 տարի անց, երկրորդ արարի ականատեսն ենք: Այսպիսի ընթացքը շտկելու ունակ էր, որքան էլ տարօրինակ է, հենց ինքը՝ Հայաստանը: 

Սակայն, 2008-ի «ցյուրիխյան» գործընթացի մակերեսային, գավառական, եթե չասենք գեղջկական ընթերցման, այնուհետեւ 2015-ին Ռուսաստանի սիրիական արշավին չմասնակցելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրական սխալները գրեթե զրոյացրել են հայ-ռուսական էֆեկտիվ համագործակցության հեռանկարները: Սխալների ցավագին ռազմական բաղադրիչին, որ արտահայտվեց 2016-ին եւ 2020-ին, արդեն անդրադարձել ենք:

Բաբայան-Սիմոնյան զույգը կատակում է, Մոսկվա, Սմոլենսկայա-Սեննայա 32/34, 2020 հոկտեմբեր 14: Մարգարիտա Սիմոնյան, – «… կարծես նոր պատերազմ հիմա բարեբախտաբար չկա, հինգ րոպե առաջ չկար, էս մի հնից [Արցախյան պատերազմից] բացի»: Լավրով (կադրից դուրս), – «Փառք աստծո»: Սիմոնյան, – «այո-այո, փառք աստծո սրանից բացի ուրիշը չկա» | RT

Նկատենք կարեւոր մի բան. մենք չենք քննարկում Սերգեյ Լավրովի հարցազրույցի բովանդակությունը, որը հանգում էր Հայաստանին ուղղված անվերապահ կապիտուլացիայի «ադրբեջանա»-ռուսական համատեղ պահանջին: Լավրով-1, Լավրով-2, Լավրով-3 բազմիցս թաղված ու պեղված պլանն է: Բովանդակությունը նոր չէ եւ երկրորդական է հարցազրույցի մատուցման աներկբա կերպի նկատմամբ: Ուստի, վարչապետ Փաշինյանի հոկտեմբեր 14-ի արձագանքը միանգամայն ադեկվատ էր. «1938-ի Մյունխենյան գործարք»: Հասցեատերը միայն Արեւմուտքը չէ:

Հղումը Լենին-Աթաթուրք 1921-ի Մոսկովյան գործարքին մնաց սուրի պես կախված: Ինչ վերաբերում է Հայաստանի համար Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի հետեւանքներին, այն է՝ սկզբի համար շփման գծի երկայնքով ռուս-թուրքական հավանական համատեղ պարեկմանը, ապա վարչապետ Փաշինյանը դարձյալ ճիշտ էր. պիտի ամուր կանգնենք: Ի տարբերություն 1919-ին հայատյաց մոլուցքով թուրքական օղակը սեփական պարանոցի շուրջ փաթաթած բոլշեւիկյան Ռուսաստանի, մենք ի վիճակի ենք մեր ընտրությունը ձեւակերպել: Ռուսաստանը, ըստ ամենայնի, չի կարողանալու: Սա Սիրիա չէ, սա Հայաստան է:

Բարեւ, Վրաստան

Առաջավոր Ասիայում կա Թուրքիա, արեւելքում Իրան՝ ահա մեր չմիջնորդավորված շփման շրջանակը: 

Արդոք Հայաստանը հիմնավոր պատճառ ունի դեպի հյուսիս եւ արեւելք թյուրք ժողովրդի ձգտումներին խոչընդոտելու համար:

Եթե ինչ-որ մեկը շահագրգռված է մեր այլ դիրքորոշմամբ, պետք է արտաբերի այդ շահագրգռությունը բառացի՝ Արցախի անկախության ճանաչումով: Երբ Բաքվում մեկնարկած եւ ռուսական Վոլգան ու Ուրալը, այնուհետեւ Սիբիրի թյուրքաբնակ հսկայական տարածքները իր վրա հավաքող ձնագունդը գլորի-հասնի ՉԺՀ ույղուրական Սինձյան, «Բորժոմ խմելը ուշ է լինելու»: Ռուսաստանի հասցեին համապատասխան սպառնալիքները Անկարայից արդեն հնչել են 2020-ի գարնանը Իդլիբյան սրման ընթացքում:

Ի դեպ, Բորժոմի մասին: Հայ-թուրք-իրանական խորհրդածությունների բոնուսը Վրաստանը պիտի լինի:  Դարեր շարունակ հայերի պաշտպանած բարեբեր հողը, փափուկ կլիման, ելքը դեպի ծով, գենետիկ բազմազան մատերիալը, ինչու՞ չէ, բոլորին են հետաքրքիր: «Սաքարթվելոն» 1920-ին՝ դարձյալ այդ չարաբաստիկ 1920-ին, կայացրեց հայ-թուրքական պատերազմում նեյտրալիտետի իր բախտորոշ որոշումը: Նեյտրալ դիրքում էլ հավիտյանս է մնալու՝ գլորի՛ր կերթա: 

Իսկ Ռուսաստա՞նը: Սեւ սարերի հետեւ Ռուսաստան կա: Ասում են: Մոսկվայի կողմնորոշվելու պահն է, եթե արդեն ուշ չէ:

  |