Օրեր անցան եւ հայ դանդաղաշարժ միտքը կարծես տեղից ելավ: Մամլո եւ օրագրային գրառում-քննարկումների միջոցով, որ վաղուց ցանցային դյուրություններով են օժտված, միշտ կարելի է ապագայի հորիզոններ բացել: Բայց պետք է նախ աչքերը բացվեն՝ պարզվեն Արցախում պատահածի ակունքները: Ընդ որում, արագ
.
Թրքական մամուլի վերնագրերն են՝ «Լավրովյան պլանը գործողության մեջ». Խոսքը միասնական պլանի մասին է
Գործ ունենք մեր հայրենիքի հերթական բաժինը ոչնչացնելու ռուսական սցենարի իրականացման հետ: Ոչ թե թուրք-ադրբեջանական, ինչպես խոսքները մեկ արած պնդում են պաշտոնական, կառավարամետ եւ ընդդիմադիր գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու անձիք, այլ ռուսական: Խնդրի որոշ քաղաքական ասպեկտներին, հակառակ համընդհանուր շինծու մթագնությանը, կարելի է ծանոթանալ այստեղ [Լրագիր, 1]:
Համոզվելու համար քաղաքական պատկերին ավելացնենք ռազմական կարեւոր դրվագները: Թրքական ԳՇ պատերազմական նախագծումներին ռուսական կողմի քաջատեղյակությունը [Կոմերսանտ, 2], ինչպես նաեւ Ստեփանակերտի օդակայանը Բաքվի կողմից չռմբակոծվելը վկայում են օպերացիայի շուրջ ռուս-թուրքական, համենայն դեպս, սերտ համագործակցության մասին: Հենց այդ օդակայանում են իջնում ռուս գեբերալ Ռուստամ Մամեդովի զինվորներով լի ԻԼ-76 օդանավերը: Շուշիի «անկեցումը» եւ Արցախ մատակարարված ՀՕՊ համակարգերի անջատումը վճռական պահերին՝ ռազմական կամպանիայի կառավարելիության առավել քան պերճախոս վկայություններն են: Ընդհանուր նպատակը՝ կողմերի նյութական եւ մադկային հնարավորինս մեծ կորուստներն էին, մեկի առաելության պահպանումով: Պատերազմի այսպիսի կառավարելի սցենարի տարբերակներ տարիներ առաջ քննարկվում էին ռուսական մամուլում: Շուշիի ենթաշրջանը դրանց մեջ Բաքվի ենթակաության տակ էր իբրեւ ռուսական զորքերի տեղակայման վարձ:
Հայտարարությունների տեքստային վերլուծությունները, վիճակի իրավական եւ մարտավարական գնահատականները, անշուշտ, շատ կարեւոր են: Սակայն դրանք արժեք կունենան միայն ընդհանուր պատկերի ամբողջացման դեպքում:
Որն է պատկերը
Նախ եւ արաջ, 2015-ից ի վեր գործ ունենք Կովկասում գլխավոր դերակատար Ռուսաստանի հստակ թուրքահպատակ դիրքորոշման հետ: Թրքամետ չէ՝ թրքահպատակ, դա կարեւոր է ընդգծել: Նորագույն շրջանին, այսպիսի դիրքորոշումը առկա է դեռեւս 1919 թվականի գարնանից՝ երբ մոսկովյան բոլշեւիկները Մուստաֆա Քեմալ-փաշային առաջարկեցին Արեւմուտքում թրքական գերակայությունը ստանձնելու իրենց թեզերը:
Դա ռուսական առջարկ էր, ոչ թե թրքական պահանջ: Շուտով նախաստորագրվեցին ապագա Մոսկովյան պայմանագրի հիմնական դրույթները: Չպիտի լիներ Արեւմտյան Հայաստան, իսկ նախկին ռուսահպատակ հայերը պիտի ոչնչացվեյին կամ տարագրվեյին: Այդպես էլ եղավ, հայ բոլշեւիկների նպատակային օգտագործմամբ:
1919-ի եւ 2015-ի դեպքում էլ Ռուսաստանի նպատակը նույնն էր. ոչնչացնել Հայաստանը առավելագոյն չափով, թողնելով մի փոքր գործարքային «մերան»: Մերանի ֆունքցիան էր ապահովել հայության տեղային վերարտադրությունը՝ դրա վաճառքի հաշվին ապագայում թրքական գերակայությամբ Ռուսաստանը Արեւմուտքից պատնեշելու համար: Համեմատաբար փոքր երկիր Թուրքիայի նկատմամբ մեծ երկրի այսպիսի վարքը չպիտի տարակուսանքի առիթ տա:
Սա ռուսական շարունակական պետական ավանդույթ է 12-րդ դարից ի վեր, երբ Ռուսաստանը ծնած Բյուզանդիայում նախ ֆրանսիացիների, ապա թուրքերի հարվածների տակ վերջնականապես ընկավ գաղափարա-կրոնական, ադմինիստրատիվ, տնտեսական եւ ռազմական քառադարյա հայկական հեգեմոնիան: Ռուսաստանը վերադառնում է իր ավանդական, բոլոր իմաստներով, ոչ միայն պատմական, հակահայ վիճակին:
Պատմական համայնապատկերի ճշտումը միշտ անհրաժեշտ է. Պատմությունը զարգանում է կրկնության եւ ձեւափոխության հակադրությամբ
Բյուզանդահայ եւ հակահայ պատկերները՝ այդ երկրի երկու կայուն վիճակներն են: Երրորդը՝ արեւմտամետը անկայուն է եւ լինում է համեմատաբար կարճատեւ: Հիմա երկիրը եւ մասնավորապես մայրաքաղաքը գտնվում են էթնիկ երանգավորված թյուրքական եւ ֆին-ուգրական վերահսկողության տակ: Դա ընդունում եւ ահազանգում են նույնիսկ իշխանամետ վերլուծաբանները, որոնք ահաբեկված են սլավոնական տարրի հետ դրանց հնարավոր բախումների հեռանկարով [Վեչեր, 3]: Այստեղ կարեւոր է նկատի ունենալ ֆին-ուգրերի դրեյֆը դեպի թյուրքականություն, ինչպես եղավ Հունգարիայում:
Հայաստանը ոչնչացման օբյեկտ եւ, միաժամանակ՝ առեւտրի միջոց: Պետերբուրգի եւ Մոսկվայի հայկական քաղաքականության բանաձեւը
Այս խառը ժամանակներում պիտի հստակ պատկերացնենք վերջին 200 տարիներին միլիոնավոր հայ մարդկանց կյանքը տարած իրադարձությունների ակունքը:
Զոհերը իզուր դարձնելու քայլերը անընդունելի են: Խնդիրը միայն հողերի հանձնումը չէ, այլ արյան գնով ձեռք բերված հայկական քաղաքական սուբյեկտությունը ռուսական կոյուղի լցնելը: Ռուսապաշտությունը օրգանական արատ է, որ հետխորհրդային երկրներում հատուկ է միայն հայ քաղաքական մտածողությանը: Պատճառը ժամանակակից հայերին հատուկ ծայրահեղ մեկուսի՝ աշխարհագրական ու պատմական առումով չափազանց նեղ ընդհանուր աշխարհընկալումն է:
Զարմանալի՞ է, որ այսպես կոչված կուսակցություններից ոչ մեկը հիմա չի առաջադրում Արցախի անկախությունը ճանաչելու կամ Միացման պահանջ: Չէ որ ոչ մի եռակողմ հայտարարություն չի կարող խոչընդոտել նման ակտին, որ կհավասարակշռեր Բաքվի դիրքը: Զարմանալի՞ է, որ որեւէ մեկը չի արտասանում «ռուս» բառը, 1921 թիվը, 102 թիվը: Ոչ, զարմանալի չէ: «Սհաթների» եւ «ոտքերի»՝ 200 տարվա կոտորվելու ավանդույթի շարունակության ցանկություն դեռ ունենք: Թե՞ վերջապես հագեցել է այդ հիվանդագին ծարավը:
Մոսկվայում պետք է հստակ գիտակցեն, որ Լավրովյան տեսակի, այսինքն Արցախի ինքնորոշումը անտեսող, ռուսական որեւէ ծրագիր կարող է իրականացվել միայն #102 կայանի եւ դրա «պրիբամբաս» ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ գնով: Զենք ու զինամթերքը մնալու են Հայաստանին: Ռազմակայանի զինվորական անձնակազմի վարձու ծառայությունը ՀՀ Զինուժի շարքերում քննարկելի է: Հայաստանում ԱՄՆ զինվորական տեղակայման այլընտրանքը՝ նույնպես: Ռուսաստանը հիմա թրքականը կամ հայկականը ընտրելու պատմական անհրաժեշտության արջեւ է եւ ազատ է հեռանալու հայկական քաղաքակրթական արեալից՝ պահող չկա: Մեզ սպասում են ծանր եւ պատասխանատու ժամանակներ եւ դրա գիտակցությունը պետք է հստակ լինի:
.
Այս թեմայով կարդացե՛ք.
Ժիրինովսկին՝ Փաշինյանի նամակին. «Մեզ ռուսներով դագաղներ պետք չեն» >>>
Լավրովի պլան չէ՝ փրթած մածուն. Ազատագրական հարված >>>
Նոյեմբեր 9-ին Բաքվում սպանվել է Թալիշստանի ազատագրական շարժման առաջնորդը >>>