ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Կոշտ Արայիկ եւ «փափուկ» Նիկոլ. Լավրովը՝ անմխիթար

|

 

Վստահեցնելով ՌԴ ԱԳ նախարար «պարոն Լավրովին», Արցախի նախագահ Արա Հարությունյանը անուղղակի շոշափել է ոչ ավել, ոչ պակաս Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրը: Ի՞նչ իրական իմաստ են պարունակում մարտնչող Հայաստանի «վստահեցումները» Արցախից եւ «վերջին պատերազմի» թեզը: Ինչ է, առհասարակ, այդ «վերջին պատերազմը»

.

Ն

Նախարար Լավրովին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի գլխավերեւից դիմելով [Հարութ, FB 1], նախագահ Հարությունյանը ավելի ազատ, եթե չասենք՝ կռվազան է արտահայտվել, քան նույն օրը արել էր ՀՀ վարչապետը: Տարբերությունը պատճառներ ունի: Նիկոլ Փաշինյանը ասել է, թե «Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է իր նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից»: Մեջբերումը The Jerusalem Post հրեական թերթին տված հոկտեմբեր 3-ի հարցազրույցից է [JPost, 2], [Արմենպր, 3]: Պնդումը, ի միջի այլոց, հաստատում է, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի: Այդուհանդերձ այն քաղաքավարի է:

Ով է Փաշինյանը Ռուսաստանի քարոզչության հայելում 

Հիշեցնենք, որ Ռուսաստից «ընդհանուր առմամբ» գոհ Նիկոլ Փաշինյանի անձը եւ նրա հետ իշխանության եկած հեղափոխական ակտիվիստների 3-4 հոգանոց կորիզը Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի եւ որոշ քաղաքական լիդերների կողմից որակվում են իբրեւ «ֆաշիստամետ», «արեւմտամետ, «սորոսի ճուտիկներ» եւ հար բնութագրերով: Ավելին, նույնը, արեւմտամետության առումով,  վերագրվում է Հայաստանին իբրեւ երկրի առհասարակ [Կալաշ, 4], [Սոլով, Շահնազ, 5]: Դեղին մամուլի 7/24 հակահայ զազրախոսությանը չենք անդրադառնում:

Մոսկովյան այսօրվա օֆիցիոզի բառապաշարը նույնական է Բաքվի կարծրատիպերին՝ սկսած 2019-ի Գարեգին Նժդեհի դեմ համատեղ արշավից: ՀՀ վարչապետին հայ մամուլի օժանդակությամբ հաջողվեց շրջել արշավը նախաձեռնողների դեմ, առանց այլեւայլի հղելով 1939-ի Մլոտով-Ռիբբենտրոպ պակտին [Փաշինյանը՝ ռուս լրագրողներին, 6]: Այստեղ նշենք, որ զլմների գրոհային դեսանտը իջեցվել էր Երեւանում նախարար Լավրովի՝ Արցախը հանձնելու վերջնագրից մեկ շաբաթ անց: Վերջնագիրը մերժվեց, իսկ ներքին լսարանին հասցեագրված անզուսպ պրոպագանդան շարունակվում է: 

Ռուսաստանի հանդեպ վարչապետի ներկայիս արեւելյան, կուզեք՝ բյուզանդահայ նրբաձեւության մեդիա-դրսեւորումները, անշուշտ, միակ հնարավորն են այս ընթացքին: Պատճառները հիմնականում երկուսն են: 

Վարչապետ Փաշինյանի քաղաքավարության առաջին պատճառը

Առաջինը՝ ռուսական զենքի շարունակվող մատակարարումներն են: Ռուսաստանը, մնացած հանգամանքները մի կողմ դրած, տակավին շահագրգռված է #102 զորակայանի պահպանումով: Այդ իսկ պատճառուվ, ստիպված է ապահովել մարտնչող հայկական բանակը զենք-զինամթերքով: Այլապես, Անկարայի ազդեցության տիրույթում զորակայանի հայտնվելը դրա ճակատագիրը ավելի քան մշուշոտ կդարձներ: 

#102 կայանի խնդիրը դուրս է գտնվում Թուրքիան ՆԱՏՕ-ից պոկելու եւ դրա հետ անմիջապես կապված Լավրովյան ծրագրի ռուսական գեոքաղաքական հաշվարկների տիրույթից: Կայանը՝ անկախ Հայաստանը կործանած 1921թ. ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի պահպանված ինստիտուտներից է եւ այն ՀՀ կառավարությունը հմտորեն օգտագործում է ի շահ երկրի:  

Մոսկվայի համար հատկապես անընդունելի է Հայաստանում ռազմական տեղակայման իրավունքը ինչ-որ պահի անմիջապես Վաշինգտոնին զիջելը: Կրեմլի առանձին մտահոգության առարկա է Վաշինգտոնի եւ Անկարայի հնարավոր անդրկուլիսյան գործակցությունը Կովկասում [Տարաս, 7]

Այսպիսին են զենքի մատակարարման հանգամանքները, եւ այդ հանգամանքների պահպանումը Երեւանի առաջնային հոգսը պիտի լինի: Բացի բանակային կառավարման կատարելագործումից եւ շարքերի վերազինումից, լավագույն միջոցը զուգահեռաբար դեպի Թուրքիա եւ Իրան դիվանագիտական ակտիվությունը կլիներ: Սրանք ստրատեգիական ուղղություններ են:

Վարչապետ Փաշինյանի քաղաքավարության երկրորդ պատճառը

Արցախյան հարցում ՌԴ պաշտոնական դիրքորոշումը առայժմ տառացի համընկնում է այսպես կոչված «Ադրբեջանի» պաշտոնական դիրքորոշմանը: Իհարկե, փոքր ինչ ընդլայնված է. Մոսկվան պնդում է իր խաղաղապահ զորախմբի տեղակայումը նախկին ԼՂԻՄ եւ Բերձորի (Լաչինի) շրջանի մի մասի տարածքում, որոնք հայերի կողմից պիտի հանձնվեն Բաքվի իրավասությանը՝ մնացած բոլոր շրջաններին հավասար: 

Այսինքն, Արցախի խնդրի Ռուսաստանի «լուծման» հիմքում 1988 թվականի վիճակի վերարտադրությունն է: Սա 2017-ին մամուլով հրապարակված Լավրովյան ծրագիրն է: Այն մոտ է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը 1990 թվականին, մի տարբերությամբ, որ չի ենթադրում Արցախի նույնիսկ ինքնավար կարգավիճակ՝ միայն տարրական մունիցիպալ իրավունքներ: Նույնիսկ Բաքվի բռնի ոտնձգությունների բացակայության պարագային Արցախի հայկական նկարագիրը կգոյատեվի հազիվ մեկ սերունդ:  

Դա ունիտար «ադրբեջանական» պետության պարզ գավառ է ռուսական զինուժի ներկայությամբ: Այսպիսի դրությունը չի հասնում նույնիսկ Մերձդնեստրին, որտեղ բնակիչներն էլ, խաղաղապահներն էլ հայրենակից են՝ ռուս են: Այդուհանդերձ Երեւանը դեմ չէ ռուսական ռազմական ներկայությանը, մինչդեռ Բաքուն դեռ ձեռնպահ է: 

Հարությունյան. «Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին… Սա մեր վերջին պատերազմն է»

Վերջին հանգամանքը խոսում է Երեւանի մանեւրային մարտավարւթյան մասին, ինչը բնական է, հաշվի առնելով արեւմտյան տերությունների ընդգծված ձեռնպահ դիրքը, որը ամենայն հավանականությամբ համաձայնեցված է Մոսկվայի հետ: 1923թ. մեծ տերությունների Լոզանի կոնֆերանսի ռեժիմը մնում է անփոփոխ. ցեղասպանությունից մազապուրծ հայերը քաղաքական սուբյեկտության իրավունք չպիտի ունենան: 

Այս առումով, որքան էլ անսովոր, տհաճ հնչի, մանավանդ պատերազմական պայմաններում, մանավանդ զոհերին ամեն օր ոգեկոչելով, սուբյեկտության վերահաստատման դիվանագիտական ուղղությունը թուրքականն է: Մեր զոհերը միայն Արցախի պաշտպանությանը չեն՝ երիցս ավելի թանկ են, միտված են ապագային՝ նոր սերունդների հաղթարշավին: 

Լավրովյան ծրագրի ճակատագիրը

Կա մի հանգամանք, որ տխրահրչակ Լավրովյան պլանի իրակականցումը արդեն հիմա դարձրել է ծայրահեղ անհավանական: Խոսքը 4-5 օրանոց օպերացիայի տապալման մասին է: Հաղթանակի համար մեր զոհաբերության մասին: Թեեւ Թուրքիան շարունակում է օպերացիան Սիրիայում իրականացված իր ճզմիչ մարտավարությամբ, սակայն քաղաքական իմաստով Լավրովյան ծրագիրը արդեն տապալված է հայ զինվորի, հայ ժողովրդի կողմից: 

Ալիեւը արդեն ստիպված է նահանջել Արցախի Լավրովյան «կարգավիճակի» հարցում [Ալի, 8]: Հնարավոր թրքական հավելյալ ջանքերը իրադրություն չեն փոխելու, որտեղ էլ դրանք կիրառվեն: Անկարան պիտի համոզվի, որ հայերի հետ ավելի ձեռնտու է խորհրդակցել, օրինակ, Բաքվի հետալիեւյան ճակատագրի շուրջ:

Հակառակ այն բանին, որ քովիդի կասկածով մեկուսացած նախարար Լավրովը Կոմերսանտ թերթին ԱՄՆ ընտրությունների առթիվ հարցազրույցում [Լավրով, Կոմերս, 9] նորից կրկնել է իր անվան ծրագրի դրույթները, այդ թվում մեր Զինուժի հեռացման ժամանակացույցինը, նա ստիպված է եղել հիշատակել նաեւ 2000 ահաբեկիչներին: Դիվանագիտական լեզվով դա նշանակում է «պարոնայք, ինձ քավության նոխազ են նշանակել»: Քալանդարով (Լավրով) – Սիմոնյան – Բաբայան եռյակի հոկտեմեր 14-ի հակահայ ուլտիմատումի շոուն [Եզերք, 10] հեշտ մարսելիք բան չեղավ, եթե առհասարակ մարսելիք է:  

Ահա Կոմերսանտում լավրովյան տեքստին էլ պատասխանել է հեռավոր Ստեփանակերտից նախագահ Արա Հարությունյանը: Պարզություն է մտցվել. մինչ կրեմլյան առանձնասենյակներում որոշում էին, կան թե չկան ահաբեկիչներ Արցախում, անջատել Թուրքիան ՆԱՏՕ-ից, թե օգնել Հայաստանին, ՊԲ դրանց կեսից ավելին ոչնչացրել է ռուսական հնամենի զենքերով՝ կրեմլյան ծրագրի հետ միասին:

Ռուսաստանի հեռավոր մատույցներում մնացած ահաբեկիչների  ոչնչացման հարցը ավելի թանկ է արժենալու: Արա Հարությունյանի երկրորդ պատգամը Լավրովին՝ «սա մեր վերջին պատերազմն է» միայն թվում է, թե հուզական է: Իրական իմաստը ստրատեգիական բնույթ ունի, ինչը հայ իրողության համար բացառիկ երեւույթ է եւ առանձին լուսաբանման կարիք ունի: 

.

Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>

  |