ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Հայաբնակ Սոչի. Ռուս-թրքական շփում Հայաստանի թիկունքում

Լավրով եւ Չավուշօղլու, Սոչի, դեկտեմբեր 2020 | AFP

 

Դեկտեմբեր 29-ին Սոչիում կայացած ռուս-թրքական բանակցությունների ավարտին ԹՀ արտգործնախարար Չավուշօղլուն ափսոսանք է հայտնել,  որ «համավարակը երկու երկրներին փոքր-ինչ հետ է պահում երկկողմ հարաբերությունների 100-ամյակի լիաթոք տոնակատարությունից» [Daily Sabah, 1], բայց ավելացրել է, թե «ինքը գոհ է տարին ավարտել անձնական հանդիպումով»

.

Թ

րքական գոհունակության համար բոլոր նախադրյալները կան հատկապես կովկասյան ճակատի՝ Հայաստանի պարագային: Նոյեմբերի 9-ից թշնամության կարմիր գծին մոտեցած հայ-ռուսական հարաբերությունները նոր փորձության են ենթարկվում «Հայաստանի ոչնչացման 100-ամյակին ընդառաջ» նշանաբանի ներքո: Բնական է, որ ոճապես սովետական այս նշանաբանը ջերմ աջակցություն է ստացել Թուրքիայի կողմից:

Արցախյան երկրորդ պատերազմի մասին խոսելիս, սովորաբար վկայակոչում ենք 30-ամյա մի ժամանակահատված: Մինչդեռ կա եւս մեկը՝ 100-ամյան: Երկուսին միավորում է հայկական ծայրահեղ ինքնամեկուսացման մոլուծքը, որ ընդհանրապես բնորոշ է եղել ազգի զգալի, թերեւս գերակշիռ հատվածին նվազագույնը 2 հազարամյակ: Ավելին՝ հայկազյան ցեղի ինքնամեկուսացող եւ տարածվող, էքսպանսիվ հատվածները պարբերաբար դաժան, հարյուր հազարավոր կյանքեր խլող մենամարտի են բռնվել իրենց տիրապետության ներքո գտնվող հսկայական տարածքների վրա՝ Բոսֆորից մինչեւ Կարմիր Ծով: 

Հազարամյա հայամիջյան մենամարտերը հետզհետե կորցրել են թե տարածական, թե քաղաքական, կրոնական եւ գաղափարային ընդգրկումները, հանգելով մեր աչքի առաջ այսօր տեղի ունեցող մանրուկ գզվռտոցի՝ հանուն գռեհիկ լափամանի: Ավելորդ է ասել, որ ողբերգական դարավոր սահանկման ավարտին լափամանը օտար պիտի լիներ:

Հայկական կողմից գզվռտոցի դատարկմանը զուգահեռ, ռուսական կողմը սպառում է իր քարոզչական հնարավորությունները: Հայ հանրությանը կերակրել Ռուսաստանի «փրկիչ առաքելության» մասին զավեշտով դառնում է գրեթե անհնար: Բոլորը հրաշալի պատկերացնում են տեղի ունեցողի իմաստն ու աղբյուրը: Մոսկովյան հայակործան պայմանագրի հոբելյանի տոնակատարությունը ստիպում է տարածել «փրկութայն» թեզը նաեւ 1919-1925 թվականների բոլշեւիկ-քեմալական արյունալի ողջ գործարքի վրա, ինչը, բնականաբար, անհնար խնդիր է: 

Քարոզչական ճգնաժամի պայմաններում պատահական չէ, որ Լավրով-Չավուշօղլու բանակցությունները Սոչիում գրեթե չեն լուսաբանվում ռուսական մեդիայի կողմից: Անզգույշ պատահականություն պետք է համարել բանակցությունների նախօրեին տարածված ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Դրա մեջ ընդունվում էր, որ ռուսկան կողմը արտոնել է Աղդամում տեղաբաշխված Թուրքիայի ԶՈՒ սպայախմբին ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ իրականացնել Արցախի օդային տարածքում, այդ թվում Հադրութի, ինչպես նաեւ Սյունիքին, Վայոց Ձորին եւ Գեղարքունիքին հարակից շրջաններում:

Թրքական ԱԹՍ-ն շքերթի շարասյան մեջ, Բաքու, դեկտեմբեր 2020 | Reuters

Սոչիից մեկ այլ մեդիա սպրդում եղավ այն, որ նախարար Լավրովը նշեց, թե ահաբեկչական բանակի եւ իսլամիստների ընտանիքների տեղաբաշխումը Արցախի օկուպացված տարածքներում այլեւս չի խոչընդոտում ռուս-թրքական համագործակցությանը: Ամեն բան իր գինն ունի: Դեռեւս 2020 մայիսին ՌԴ ԶՈՒ խոսնակ գեներալ Կոնաշենկովը հայտարարում էր, թե Իդլիբում ահաբեկիչների ամրացված շրջանները միավորվել են մարտ ամսվա պայմանագրով տեղակայված թուրքական դիտակետերի հետ [Ռոսիյսկայա պաշտոնաթերթ, 2]: Հիմա դրա մասին ոչ մի խոսք չկա՝ Սիրիայում ամեն ինչ հանգիստ է [ԱԳՆ, Լավով, 3]: 

Հայատյացությամբ արտահայտված երկդարյա ռուսական քաղաքականությունը ունի խորը քաղաքակրթական արմատներ: Եղել է եւ կա նաեւ պրագմատիկ մղումը՝ հանել հոգեհարազատ Թուրքիան արեւմտյան ռազմաքաղաքական ուղեծրից: Այժմ, ինչպես եւ 1973-ին Կիպրոսի պարագային, դա ՆԱՏՕ-ն է: Այն ժամանակ Մոսկվայի օրհնությամբ Հյուսիսային Կիպրոսը ենթարկվեց թրքական օկուպացիայի, մինչդեռ Թուրքաին ՆԱՏՕ-ից դուրս չեկավ: 

Թե ինչ հաջողությունների է հասել Ռուսաստանը այս ուղու վրա XXI դարասկզբին կարելի է իմանալ Սոչիում Մեվլյուտ Չավուշօղլուի հայտարարությունից: «Մենք կարող ենք ունենալ մեր տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Պարտադիր չէ ամեն ինչի վերաբերյալ նույն կարծիքն ունենալ: Ռուսաստանի հետ մեր կապերը այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ մեր կապերին: Արեւմուտքը պետք է կենտրոնանա ոչ թե պատժամիջոցներ կիրառելու, այլ մեզ հետ համագործակցելու վրա» [Daily Sabah, 4]:

Բնական է, որ գաղափարազուրկ  էլիտա ունեցող Հայաստանին մնում է սպասել թե էլի ինչ փորձանք պիտի գա գլխին: 30 տարվա «անկախության» ընթացքին ինքնամեկուսացած Երեւանը Լիբանանն ու Սիրիան սփյուռք էր անավանում, Ակնան՝ «ոչ երբեք հայրենիք»: Հայկական որեւէ կառավարություն այդպես էլ չհամարձակվեց արտասանել «1921 արյունալի թվական» բառերը: Իբրեւ հետեւանք հիմա ստիպված է լինելու արտասանել «2021 հոբելյանական թվական» եւ անդադար երախտագիտություն հայտնել ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչի՝ առանց այդ հարգելի անձնավորության պաշտոնը նույնիսկ նշելու: Անցյալ դարասկզբին նույն դերում էր Նիկոլայ Ալեքսանդրովիչը: Արդյոք լինելու՞ է հայկական անհուն երախտագիտության հասցեատեր հաջորդ «ովիչ/եվիչը»:  Ցանկալի է խուսափել այդ բարեբախտությունից, գոնե իբրեւ ամանորյա մաղթանք:

.

Կարդացեք նաեւ

  |