Հայ եւ շվեդական քաղաքական կամքի ծնունդ ռուս ընդհանրությունը փետրվար 24-ի վաղ առավոտյան մտավ իր պատմության հազարամյակի հերթական՝ թվով արդեն հինգերորդ ողբերգական շրջափուլ: Այդ պարբերական շրջանները ռուս պատմագիրները բնորոշել են իբրեւ հայերեն «մութ» բառի հետ նույնարմատ «սմուտա», մթագնություն: Մոսկվան կոխել է վերջին սմուտայի շեմին 2020 թվականի սեպտեբեր 27-ին, իսկ «սցենարի» բուն ակունքը 2018-ի ապրիլն էր, երբ Երեւանում իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանը: Այս շղթայի քաղաքակրթական ընդգրկումը եւ պատմական յուրահատկությունը պետք է հստակ պատկերացնել՝ իրադրության որեւէ փոփոխություն ձեռնարկելիս
.
Կ
արեւոր է տեսնել արդիական եւ պատմական շղթաների համադրությունը: Հայկական առերեւույթ ներքին թվացող անցքերը այդպիսին չեն եւ, ներածականում հիշատակված յուրահատկության շնորհիվ, կազմում են 30-ամյա ետխորհրդի եզրափակման ոչ ավել, ոչ պակաս՝ կորիզը: Վիճակը բեկելու նախաձեռնությունը եւս ներքին խնդիր չի լինելու, քանի որ ազդելու է ետխորհրդի բոլոր վերապրուկների ճակատագրի վրա: Նիկոլ Փաշինյանի աշխարհընկալմանը հիմնականում համապատասխանող հայ հանրության քաղաքական մոտեցումները, որոշ բացառությամբ, հեռու են ընդհանրացումների սովորությունից: Մինչդեռ, Հայաստանի հակառակորդների մոտեցումը, ընդհակառակը, հիմնված է ընդարձակ համադրությունների վրա: Մեր հակառակորդը Նիկոլ Փաշինյան չէ, ասենք ավելի պարզ, բայց առանց անձնականի շեշտադրման:
Ինչպես վարվել, ինչ սկզբունքներով
2018-ին, պետական կարիքների եւ Փաշինյանի անհատական կարողության բացահայտ անհամապատասխանությունը տարբեր արձագանք էր առաջացնում: Առավել տարածվածը, սակայն, հետեւյալն էր. «ոչինչ, կամաց-կամաց կկրթվի՝ չշտապենք հետեւություններ անել»: Փոթորկալից զարգացումների ֆոնոն կամաց-կամացը զմայլելի էր:
Աղետալի ընթացքի բեկման պարամետրերը ճշտելու համար հարկ է ուրվագծել տեղի ունեցածը՝ խուսափելով տարածված թյուրըմբռնումներից: Առաջինը, դրանց մայրը, ընթացքների վրա Հայաստանի ազդեցության զրոյական ընդունակությունն է: Սա ամենեւին մոլորություն չէ, այլ թշնամական դրույթ, որ Սարդարյան-Տեր-Պետրոսյան դոկտրինի առաջադրումից սկսած հատուկ է եղել հայկական բոլոր վարչախմբերին:
Հընթացս կրթվելու կարողությունից զուրկ կառավարիչի ընտրությունը պատահական չէր, այլ վաղորոք հաշվարկված: Սա երկուս: Մամուլի միջոցով նորընծա վարչապետին նեցուկ լինելու բազմաթիվ փորձերը շատ շուտով իրոք վկայեցին, որ քաղաքական զարգացումների արագությունը միայն ընդարձակում էր աշխարհընկալման եւ պետական պահանջների միջեւ եղած միանգամայն բնական ճեղքը: Քաղաքական հասունացմանը չէր նպաստում նաեւ խմբակային շրջապատի կարողությունների՝ առաջնորդից մի քանի աստիճան ցած գտնվելու հանգամանքը: Դա էլ էր հաշվարկված հայ նոր իշխանության «ճարտարապետների» կողմից: Սա երեք:
Կարեն Կարապետյանի ետքաշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի եռանդուն աջակցությունը «հեղափոխականներին» այդ հաշվարկի կարեւորագույն դրվագներից էին: Մոտենում էր Մոսկվայի/Կարսի պայմանագրերի ժամկետի ավարտը եւ ռուսներին ու թուրքերին պետք էր կատարելապես անմեղսունակ Հայաստան: Խաղադրույքները չափազանց բարձր էին, ինչով էլ պայմանավորված էր պուտինյան Ռուսաստանի թշնամանքի բորբոքումը հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ:
Արդյունքում, երկու տարի անց անհամարժեքության անդունդի հատակին հայտնվեց մի ամբողջ երկիր: «Պարտությունը» վիհի հետեւանք է, ոչ հակառակը: Սա չորս: Ճանապարհ բացվեց ռուսական մթագնության հաջորդ արարի համար՝ Ուկրաինայում: Անկախ Ուկրաինայից, Մոսկվայի կայսրական հեռանկարը 2020-ի Հայաստանով ավարտված էր, ինչը քաջ գիտակցում է ինքը նախագահ Պուտինը: Ջղաձգության արմատները այստեղ է պետք փնտրել: Ուկրաինան ընդամենը հանրային ավելի մատչելի հայտաիշ է: Չկա կայսրական հեռանկար նաեւ սլավոնական կամ թյուրքական հորիզոններին: Չկա, առհասարակ:
Ոչ քրիստոնեություն, ոչ էլ կայսրականություն
Կայսրական ընդարձակման գաղափարով այս պահին սպառվում է ռուս քաղաքական ազգի ինքնագիտակցությունը: Այսպիսի «ռուսական իդեան» այլընտրանք չունի: Հայրենականում մեծ հաղթանակի հավերժության կամ համասլավոնականության կրոնակերպ համակարգերը փետրվար 24-ից հետո երիցս սնանկ են: Կայսրականության անհեռանկար ապագան ինքնաբերաբար հանգեցնում է երկրի անկմանը հինգերորդ սմուտայի, մթագնության արդյունքում (Նինա Խրուշչովա): Ռուսական անկումը տեւելու է անորոշ ժամանակ:
Կանխորոշվածության հանգամանքը լայնորեն քննարկվում է ռուս վերլուծական շրջանակներում: Շեշտվում է ռուսական մշակութային-կրոնական հենքի անբավարարությունը երկրի միասնականությունը այլադավան եւ այլալեզու երկրամասերում պահպանելու համար: 867 թվականի հայկական այսպես կոչված Ֆոտյան քրիստոնեական կնիքը սլավ-ռուսական ցեղից այլեւս սրբված կարելի է համարել: Հայաստանում ռուսական եկեղեցական թեմ հիմնելու Կրեմլի որոշումը վերջակետ է դնում պատմական շղթայում: Պետք է շեշտենք, որ Հայաստանում արմատական փոփոխությունը կենսապես անհրաժեշտ է անկախ ռուսական պետականության հետագա վիճակից: Սա էլ հինգ:
Անելիքի բնորոշիչները իրականում բազմաթիվ են, եւ հաշիվ պահելու կարիք չկա: Ավելի կարեւոր է տեսնել, որ Հայաստանի ճակատագիրը շտկելու հնարավորությունը ճիշտ ըմբռնման պարագային հիմա ավելին է, քան 2018-ին եւ 2021-ին, որքան էլ դա զարմանալի թվա:
.
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝