ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Փաշինյան vs. Զելենսկի. Ինչու մեկին օգնել, մյուսին՝ ոչ

.

Ինչու մեզ չօգնեցին, իսկ խախոլներին օգնում են: Եթե կարճ պատասխանել՝ ճիշտ արեցին եւ ճիշտ են անում: Օգնում են ապագա ունենալու արժանիներին կամ որեւէ բանով օգտակարներին: Պատկերացումը, թե Փաշինյանը թերացավ ժամանակին ճիշտ ատյանների դիմել, իսկ Զելենսկին ահա դիմում է, լրիվ չէ: Արմատը խորն է թաղված

.

Ն

ախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ծագումով Վլադիմիր Զելենսկու հետ ընդհանուր որեւէ բան չունի [Եզերք, 1]: Որպես հետեւանք, խիստ տարբեր է նաեւ վարքը: ԱՄՆ պատրաստ էր դեռ պատերազմը չսկսած երկրից տարհանել Զելենսկուն եւ օգտագործել Ուկրաինան ՌԴ դեմ որպես պասիվ պրոքսի: Սակայն Զելենսկին պնդեց ուկրաինացիների սուբյեկտության վրա: Փաշինյանը, առհասարակ հայերս, գյուղացին թե օպերաբնակ մտավորականը, որ պատրաստ էինք հազարներով զոհվել Արցախում, նույնիսկ մտքի ծայրին սուբյեկտություն չունեինք: Ահա տարբերությունը:

Էմանուել Մակրոն. «Հնարավոր չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երբ հայերը իրենք անկախության ձգտում չունեն (2021, Փարիզ)»

Դիմումը միջազգային ատյաններին, ինչպեսին է ՄԱԿ-ը իր Դատարանով եւ Ընդհանուր ժողովով, ենթադրում էր Արցախի հանդեպ իրավունքների պետական ձեւակերպում, ինքնուրույնություն ներքին եւ միջազգային ասպարեզում՝ մեկ խոսքով, ազգային ինքնիշխանության գոնե հայտ, եթե ոչ իրականացում: Հայտ չեղավ ոչ 2020-ին, ոչ էլ 2021-ին:

Միջազգային կամ, ուղիղ ասենք, արեւմտյան աջակցության համար հայտը անհրաժեշտ մակարդակն էր, որը սակայն բավարար չէր: Շոշափելի արդյունքի համար կարիք կար համապատասխան ձեւով որոշել սեփական կոորդինատները աշխարհաքաղաքական հարթության վրա, ինչը չարվեց՝ Հայաստանը մնաց ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ խորթ զավակ:

Եթե ոչ ՆԱՏՕ, ապա ինչ

Կարեւոր է պարզել, ուներ արդյոք այդ պահին Հայաստանի հարելը Արեւմուտքին, որի ակունքն էլ եղել է միջնադարում, եւ ՆԱՏՕ հետ սերտ հարաբերության հաստատումը որեւէ այլընտրանք: Պատասխանը դրական է՝ ուներ: Համենայն դեպս, կարճաժամկետ իմասով: Դա /ա/ Հայաստանի ԶՈՒ բանակային բրիգադի կամ երկուսի մասնակցությունն էր Ռուսաստանի սիրիական արշավին,: Դա մասնակցությունն էր Աստանայի միջազգային ֆորմատին Թուրքիայի եւ Իրանի կողքին: Այսպիսի ընթացքի նախերգանքում բնական կլիներ տեսնել Ցյուրիխյան արձանագրություններից մեկի միակողմանի վավերացումը ՀՀ խորհրդարանի կողմից:

Արեւելքում ՀՀ միջամտությամբ իրադրությունը Կովկասում բոլորովին այլ կլիներ եւ այն բխելու էր հայկական ազգային շահերից: Միջին Արեւելքը եղեռնի զոհերի հավաքատեղից փոխակերպվում էր բոլորովին այլ կարգավիճակի: Սիրիան, Եգիպտոսը եւ, մանավանդ, Լիբանանը դառնում էին հայկական պետական ազդեցության գոտի: Ավելորդ է ասել, որ բոլորովին այլ կլիներ նաեւ վիճակը Զինուժի շարքերում: Նման քայլը դրական կլիներ երկարաժամկետ իմաստով նույնպես, եթե անշուշտ հայկական վերնախավը քաղաքական հմտություն ունենար ժամանակին գործադրել այդ եղանակով աճեցրած կշիռը ներքին, արցախյան խնդրի ուղղությամբ եւ արտաքին՝ արեւմուտքի հետ նոր հարաբերություններ ձեւավորելու համար:

Ունա՞կ էր հայ վերնախավը նման շարժումների, այսինքն գործունյա չեզոքության: Իհարկե ոչ: Ավելին՝ վերնախավը ձեւավորվել է Մոսկվայից այդ անընդունակության հայտանիշով՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ վերջացրած ռուսական կարավայի կատարին աղ դարձած Նիկոլ Փաշինյանով:  

Եթե ոչ Ռուսաստան, ապա ինչ

Պայմանական «ռուսական» /ա/ ուղուն հակոտնյա, կար նաեւ այլ, 2015-ից իբրեւ «ուկրաինական» հայտնի շավիղ՝ դիմել արեւմտանպաստության, հակառակ Մոսկվայի կղմից սպասվող պատժամիջոցների /բ/: Ավելի մեծ պատիժ, քան Լավրովյան ծրագրով նախատեսված նոյեմբեր 9-ն էր չէր լինելու: Եթե ճշգրիտ լինենք, նոյեմբերի 9-ը չէր լինի, այլ կլիներ արեւմտյան միջամտություն ՄԽ շրձանակներում, խաղաղապահը ներառյալ: Մեզ /ա/ շավիղը /բ/-ից նախընտրելի է ներկայանում՝ միջինարեւելյան բոնուսների առումով: ՀՀ ԱԳՆ «հիշեց» Միջին Արեւելքի մասին 2020 պատերազմին նախորդող ամիսներին միայն: Նախարարի այցելությունը Լիբանան կանխվեց հենց պատերազմով՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Հարկ է գիտակցել, որ երկու, ա եւ բ ուղիներն էլ հայ իրականության մեջ բացառված էին, քանի որ պաշտոնապես հայտարարված էր, թե Հայաստանը աշխարհաքաղաքական հարթության վրա կետ չունի առհասարակ [Ս.Սարգսյա, EFE, 1]: Այլ կերպ ասած, որդեգրվել էր անգործունյա չեզոքության միանգամայն պատրանքային «դոկտրինը», ինչը կարելի է բացատրել միմիայն որորշում ընդունողների խորագույն գավառականությամբ: «Կետը», կոորդինատը կա անկախ մեր ցանկությունից, պարզապես որոշվում է օտարների քմահաճույքով եւ հանգեցնում առավելագույն վնասների: Նոյեմբեր 9-ը մեսրոպյան երկաթագրով ճակատներիս էր դաջված եւ հիմա կարելի է համոզվել, որ դա դեռ ամենը չէ:

Հայաստանի քաղաքական անցուդարձը մնում է ցեղասպանական

ՄԱԿ կամ ՆԱՏՕ աջակցության նպատակով դիմումը 2020-ի աշնան կամ անհնար էր, կամ ապարդյուն: Այդպիսին էր, մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանի այցը հյուսիսատլանտյան Բրյուսել: Առաջացել էր հայ ժողովրդի կրկնակի «ապահովություն» զանգվածային կոտորածի միջազգային արգելափակումից: 

Այժմ նույնպես, առավել քան նախկինում, ապահովված են կրկնակի պատիժներ թե Մոսկվայից, թե Արեւմուտքից, քանի չի փոխվել ետխորհրդային դրածոների վերնախավը: Այլ կերպ ասած, առկա է ցեղասպանության ենթարկվելու կրկնակի գրավ: 

Այդուհանդերձ, վերնախավի փոփոխության հավանականությունը այժմ մեծ է, քանի որ իրողության ճիշտ ըմբռնումը հասել է բավականին հասուն աստիճանի թե փոփոխությամբ շահագրգռված շրջանակներում, թե սեփական ճակատագրով հետաքրքրվող բավականին լայն ժողովրդական շերտերի մեջ: Նպաստավոր է նաեւ արտաքին ֆոնը: Բնականաբար, հնչելու են «խառը ժամանակներում նման բաներ չի կարելի անել» ավանդական կոչեր: Պատասխանենք. խառը դեռ չեք տեսել, եւ եթե գավառական ինքնամփոփության հայկական մտայնությամբ առաջնորդվենք, անպայման կտեսնենք:

.

.

Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝