ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եկել է տիկին Քրիստինայի՝
իր ընտանեկան կենցաղին նվիրվելու ժամանակը

.

ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզեն Էլիոթը Շուշիում ողջունել է ցեղասպանության հետեւանքով 1918-20 թվականներին հայ բնիկ մեծամասնությունից զրկված քաղաքը «ազերբայդժանեցներով» բնակեցնելու Բաքվի ծրագիրը. աջից՝ ցեղասպանություն խրախուսող իր հայացքներով ետ չմնացող դեսպան Քվին

Դիմում առանց դիվանագիտական ռեւերանսների: Այսպես կարելի էր խորագրել հուլիս 4-ին Հանրայինի Հ1 ալիքին տված Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հարցազրույցը: Ինչեւէ, դեսպանի ելույթի կերպը ԱՄՆ կառավարության խնդիրն է՝ մերը չէ: Մեզ համար կարեւոր է, որ ռոբոտիկ, բանաձեւային պատասխանները թույլ են տալիս ըստ արժանվույն գնահատել Միացյալ Նահանգների թերխաշ կովկասյան քաղաքականության ողջ հմայքը

Հ

ամարձակություն կունենանք ենթադրել, որ ելույթը հետապնդում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավերիչ արտաքին քաղաքականության համարումը փրկելու նպատակը, բայց իր մեսիջների թողած ներքին քաղաքական հետքը տիկին դեսպանը բոլորովին աչքաթող էր արել: Օգտվելով տիկին Քվինի անսպասելի անկեղծությունից, այս նյութով կանդրադառնանք Հայաստանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշմանը՝ դրա զուտ ներքին քաղաքական հատվածում: Միեւնույն ժամանակ նշենք, որ տիկին Քվինը մոտ ապագային Արցախի խնդրի վերաբերյալ նույնպես ստիպված է լինելու պատասխանել մեր հարցերին: Պետրոս չի գտնելու:

Համոզված ենք, որ ԱՄՆ դեսպանը մանրամասն տեղեկացված է 2018 եւ 2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի իշխանության բերվելու նպատակին եւ եղանակներին, հետեւապես, լավ է պատկերացնում ՔՊ ռեժիմի արյունալի բնույթը: Այդուհանդերձ, ամերիկյան դիվանագետը իր երկրի համար ընդունելի համարեց կանգնել հպատակ բնակչությանը շարունակական սպանդի ու նեյրո-լինգվիստիկ կոդավորման ենթարկող անձնավորության հակադեմոկրատական քաղաքականության թիկունքին:

Այս առումով, նշենք թեկուզ դեսպանուհու հայկական իբր «ազատ մամուլի» վկայակոչումը, որն իրականում պատկերավոր 98 տոկոսով ֆինանսավորվում է ՖՍԲ-ուղղորդվող օտար՝ անվամբ հայ, բայց կոմպրադորյան, ռուսապատկան կապիտալի կողմից: Թերեւս, պայմանական մեկ տոկոսն էլ ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորած RFE/RL «Ազատություն» ռադիոկայանը լինի, որը վերջին 30 տարին նույնպես անդուլ ծառայում է Հայաստանում ռուսական բոլոր նեոգաղութային ռեժիմներին՝ նիկոլականը ներառյալ եւ հատկապես: Սրան ավելացնենք «հանրային», իրականում պետական Հ1-ի անհասանելիությունը ընդդիմադիր որեւէ կարծիքի համար: Ստացվում է, որ լավագույն դեպքում մեդիայի պայմանական 1 անկախ տոկոսը ԱՄՆ համարում է Հայաստանի համար մամուլի ազատության գերազանց ցուցանիշ:

Հայկական մեդիայի հարցում ԱՄՆ դիրքորոշումը միանագամայն պարզ է: Դիմենք ժողովրդավարության ուսուցչի զգեստներով պչրված դեսպանուհու՝ հյուրընկալող երկրի պետական կառավարման եղանակին վերաբերող հայացքներին: Լակմուսի թուղթը հաղորդավարի այն պնդումն է, թե «Հայաստանը ճանաչել է» Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Բաքու մայրաքաղաքով այսպես կոչված «Ազերբայդժան» գոյացությանը: Հայաստանն է ճանաչե՞լ Արցախի պատկանելությունը, իրավասու հատկապես ո՞ր մարմինն է դա արել, Սահմանադրությամբ նախատեսված ո՞ր արարողակարգով եւ երբ: Նախիջեւանի ու Արցախի պատկանելությանը վերաբերող բոլոր որոշումները շոշափում են ՀՀ սահմանների կոնֆիգուրացիան, ՀՀ իրավանախորդ ՀԽՍՀ միջազգային պայմանագրային կորպուսը եւ հնարավոր չեն վարչապետի բանավոր եւ նույնիսկ գրավոր հայտարարությամբ: Հղենք ներկայացված պաշտոնական տեղեկանքին, որը էապես թերի, բայց այդու օգտակար է: Բնականաբար, այս ամենին Քրիստինա Քվինը տեղյակ է: Եւ ինչ:

Ժամանակակից բոլոր սահմանադրությունների նախահայր համարվող ամերիկյանով հմայված հայ մարդու սպասածին հակառակ, հաղորդավարի կոպիտ կեղծիքը ԱՄՆ դեսպանի կողմից ոչ մի առարկության չհանդիպեց: Թվում էր, տիկին Քվինը բոլոր առումներով դեմոկրատ է, հետեւապես եւ Հյուսիսային Ամերիկայի դաշնության հիմնադիր հայրերի որդեգրած սահմանադրական կարգի՝ մասնավորապես իշխանության ճյուղերի մոնտեսքյուական տարանջատման եւ իրավասությունների ենթակայության ջատագով: Պարզվում է, որ ոչ: Ավելի ճիշտ այո, բայց ժողովուրդը իբրեւ ինքնիշխանության աղբյուր, սահմանադրության պրիմատը, ներկայացուցչական եւ ուղիղ դեմոկրատիան, օրենքի գերակայությունը եւ դեմոկրատական այլ ինստիտուտները ամերիկացիների համար են՝ հայերի համար չեն: ԱՄՆ օրհնությամբ ձերը՝ գործադիր իշխանության անպատիժ կամայականություններն են, օրենսդրականի ու դատականի բուտաֆորիան: Դեսպանուհու ասածը սա էր:

Նույն քամահրական ոգով է կառուցված դեսպանի անդրադարձը Հայաստանի արցախյան հատվածի պետական հաստատություններին: Արցախը հայ պետականության՝ ամերիկյան հարյուրամյակների դիմաց հազարամյակների փառապանծ պատմության ոսկե էջն է, դրա կենդանի անբաժան մասը: ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը արտահայտող տիկին Քվինը հայության արցախյան հատվածին առաջարկում է ազգային պետական լիարժեք կյանքով ապրելու փոխարեն սահմանափակվել, իր արտահայտությամբ, ընտանեկան վայելքներով: Մեկ հարցազրույցով դեսպանը հայությանը բազմապիսի ապտակներ հասցրեց եւ, հավանաբար, սպասում է, թե դա կմարսվի: Պետք է հիասթափեցնենք դեսպանուհուն. Նիկոլ Փաշինյանն ու նրա առերեւույթ լայն սպեկտրի սպասարկուները առայժմ շատ բան են մարսում միայն մեկ պատճառով՝ ծագումով հայ են, առանց այդ էլ շատ չենք:

Օտար դիվանագետներին այս արտոնությունը չի վերաբերում՝ ռուս լինեն, չինացի, թե ամերիկացի:  Հայաստանին, հայ մարդուն անպատված յուրաքանչյուրը վերադառնալու է հայրենիք: Ոմանք՝ մշտական բնակության եւ ընտանեկան քաղցր վայելքների:

.


Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝