«Լրագրի» թղթակցի հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը
.
.
Ե
րևան–Բաքու պայմանագրի ստորագրման և խորհրդարանի կողմից վավերացման անհրաժեշտության կապակցությամբ հանրային քննարկումների մաս է դարձել Նիկոլ Փաշինյանի կառավարության և իշխող կուսակցության անդամ պատգամավորների հնարավոր արտագաղթի հարցը։ Ծայրահեղ կարծիքներ են հնչում՝ դատել հրապարակում, կամ ֆիզիկական բռնություն գործադրելով չթողնել նրանց հեռանալ, կամ, ընդհակառակը, զուտ բարոյական ճնշում գործադրելով օր առաջ վտարել երկրից։ Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի խմբակի շուրջ ստեղծված իրավիճակը:
Գնահատում եմ անառողջ, հատկապես Լինչի դատաստանի առումով։ Անգամ հպանցիկ հայացքից պարզ է, որ խմբակին դատելու հիմք չկա: ՔՊ կուսակցությունը, կառավարության և խորհրդարանի անդամները, ՏԻՄ պատգամավորները և քպ-ական պաշտոնյաները գործում են ՀՀ Սահմանադրության շրջանակներում, իրականացնում են քաղաքական գործունեություն, իսկ վերջինը գրեթե միշտ առնչվում է դժվարին հանգամանքներում ճակատագրական սխալների հետ:
Դուք խոսում եք Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դիրքերից։ Մինչդեռ, գերիշխող հասարակական միտումը հանգում է ինչ–որ պատժի կամ կանխարգելիչ գործողության անհրաժեշտությանը։
Ինչ վերաբերում է գրեթե հինգ տարի իշխանության մնալու արձագանքներին, դրանք կարող են տարբերվել՝ 2020 թվականի ցավից ծնված բութ երկրպագությունից մինչև նույնքան բութ ատելությունն ու ֆիզիկական հաշվեհարդարի, վրեժի ցանկությունը։ Պատերազմ, բազմահազար զոհեր, տարածքների օկուպացիա, գերիներ, գերեվարված ու պղծված հազարամյա սրբավայրեր ու մշակույթի հուշարձաններ՝ նման ողբալի արդյունքը պետք է ծայրահեղ բեւեռացներ հասարակական կարծիքը վարչապետի անձի շուրջ։ Մինչդեռ իրավիճակը գնահատելու հարցը շատ ավելի բարդ ու խորն է, քան նեղ անձնականը։ Պահանջվում են շատ ավելի արմատական եզրակացություններ:
Ձեր քննադատությունը նրա հանդեպ գրեթե ամենամանրամասն ու կոշտն է: Ինչպե՞ս հասկանալ փաստաբանությունն ու կոշտությունը:
Կոշտ Փաշինյանի քաղաքականության, բայց ոչ Փաշինյանի նկատմամբ: Սկբնական փուլում հրապարակումնները ընդգծված խրախուսական-խորհրդատվական, քաջալերող էին: Նա խարիզմատիկ, առինքնող անձնավորություն է, դիմացկուն և նպատակասլաց մարդ։ Հմուտ դեմագոգ է, ամբոխավար՝ անվարան ստում է, նա տիրապետում է հայոց լեզվի ողջ զինանոցին, պարսատիկից մինչև թնդանոթ, և ունի բեմական շարժուձեւի հմտություններ։ Բնական գերազանց տվյալների եւ համառ ինքնամշակման համադրություն է սա:
Բնությունից պոլիտիկո՞ս։
Առանց հեգնանքի եւ միանշանակ այո, բայց այս ցանկում բացակայում է մի կարևոր և անհրաժեշտ բաղադրիչ։ Այն, ինչ ընդունված է կոչել բեքգրաունդ, պատկերի տակ դրվող ատաղձի ստվար հիմնաշերտ: Դա երկու ծնողների գծով եկող կրթված նախնիների 3-4 սերունդն է, «պետական գործիչ» նպատակադրումով սեփական կանոնավոր կրթությունն է երկու-երեք փոխլրացնող մասնագիտացումներով, բարձր պաշտոն զբաղեցնելուն նախորդած՝ զարգացած քաղաքական միջավայրում շփման փորձը; Այստեղ փաստաբանության կարիք չկա. տեղին է կարեկցանք հայտնել, քանզի պարզ է, որ նման հիմնաշերտը գործնականում բացառված էր։ Բայց կա արդյոք նրա անձնակա՞ն մեղքը դրանում:
Իսկ զոհերը, Արցախի և այլ տարածքների օկուպացիա՞ն։ Հայոց պետականության անորոշ հեռանկա՞րը։
Ձեր թույլտվությամբ ավարտեմ նախորդ հարցի պատասխանը և բացեմ ձեր ասած վերջին երկու բառը: Այդ երկուսն են շոշափում հիմնական խնդիրը։ Նախ պետք է պատկերացնել, որ գերազանց տվյալներ, մեծ հավակնություններ ու հաստատակամություն ունեցող, բայց առանց անհրաժեշտ բեքգրաունդի քաղաքական ակտիվիստները անխուսափելիորեն հայտնվում են օտարերկրյա պետությունների հետախուզության ուշադրության կենտրոնում։ Կիրառվում է ներգործության հարուստ մեթոդաբանություն, ներառյալ ընտանիքի անդամների ազդեցությունը։ Սա հատկապես վերաբերում է Հայաստանին, որպես աներևակայելի հարուստ և գերագույն մասով թաքցվող պատմության և, ինչպես դուք ճիշտ ձևակերպեցիք, անորոշ հեռանկարի տեր ազգի:
Հայկական հեռանկարի անորոշության մեջ է խնդիրը։ Ոչ միայն մեզ, այլեւ «իրենց» համար ոչինչ պարզ չէ։ Բայց, հազար ներողություն, մեր հեռանկարը նախ եւ առաջ մենք պիտի ուրվագծեինք: Չենք արել: Հայկական ուրվագիծը «պեղելու» նպատակով դեռ Փաշինյանից առաջ, 2017-ին Երեւանում վայրէջք կատարեց ռուս ինտելեկտուալ դեսանտը (Լուկյանով, Զլոբին և այլն): Լրագրում համապատասխան հրապարակում կա։ Ապարդյուն: Ռուսներն անհաջող «հարցաքննում» էին նաեւ Փաշինյանին. «ասացեք, ինչ կցանկանայիք ունենալ ձեռքի տակ եղած հնարավորությունների շրջանակում, իսկ շրջանակից դուրս ուզելիք ունեք՝ պատասխանեք, հատակին մի՛ նայեք»։ Նման անորոշության պայմանում հայերը գոյական վտանգ են ներկայացնում բոլոր հարեւանների համար, բացառությամբ, թերեւս, Իրանի։
Հայերն են սպառնում, ոչ թե հայերի՞ն: Ում են սպառնում հայերը:
Չանդրադառնամ Թբիլիսիին և Բաքվին. այս հում նյութը հայերի քաղաքակրթական հակադարձ ալիքի առաջին և արագ զոհը կդառնա հանգամանքների առաջին իսկ բարենպաստ ընթացքի դեպքում։ Խոսքս շատ ավելի նշանակալից երկրների՝ Թուրքիայի և Ռուսաստանի գոյությանը սպառնացող հայկական վտանգի մասին է։ Երբ Ռուսաստանին երկչոտ անվանում ենք «ոչ թե դաշնակից, այլ թշնամի», մենք չենք գիտակցում, որ իրականում մենք ենք նրա համար թշնամի, ընդ որում՝ կատաղի եւ անողոք։
Սա գիտակցում էին Պետերբուրգում, Մոսկվայում էլ են դա քաջ գիտակցում և գործում են ազգային շահերին ճշգրիտ համապատասխան։ 100 տարի առաջ, սկզբում օսմանյան և ցարական կառավարությունների կողմից մեթոդաբար ավերված, ապա բոլշևիկների և քեմալականների կողմից գործնականում ավարտին բերված Հայաստանը պահպանվեց որպես խորհրդային ռեզերվացիա հայկական հսկայական բնատարածքի մատնաչափ ծայրամասում: Ընդ որում, հուսալի կրկնակի լծի տակ. մի կողմից մետրոպոլիայի, և լրացուցիչ՝ թյուրք-վրացական, այսինքն տեղական անդրկովկասյան։ 1994-ի արցախյան գարունը ցույց տվեց, թե ինչ կարելի է սպասել, եթե ճնշումը փոքր-ինչ թուլանա։ Պատկերն ամբողջացնելու համար հավելենք, որ հայ սփյուռքն ու մերձավորարևելյան հայկական գաղութները Հայաստանի նույնպիսի մաս են, ինչ Շիրակը, Գուգարքը կամ Արցախը։ Համապատասխան երեւանյան եւ արտաքին ուղղորդության պարագային, անշուշտ։ Այդպիսին է հայկական յուրահատկությունը, և այն հազարավոր տարիների պատմություն ունի։
Որտեղ է այս ամենի մեջ Փաշինյա՞նը։ Չէ որ մենք խոսում ենք նրա մասին:
Նա այնտեղ է, պատմության հենց կենտրոնում, մի անհանգստացեք: Հայաստանի գրեթե տոտալ ոչնչացումից անցել է մոտ 100 տարի։ Երկու խոշոր շահագրգիռ տերությունների համատեղված արտաքին քաղաքական պլանավորման շնորհիվ Փաշինյանը հայտնվում է Հայաստանի իշխանության ղեկին և երկու-երեք քայլով վերածվում արտաքին ազդեցության իդեալական հաղորդիչի՝ գործակալի։ Մտքի առավելագույն մաքրությամբ, ժողովրդի ու հայրենի հողի հետ հուզական կապով, պատվի ներքին կոդեքսին նվիրված լինելով։ Ծայրագույն հանգամանքների բեռի տակ նման վտիտ բեքգրաունդ ունեցող յուրաքանչյուրի հետ դա պիտի տեղի ունենար՝ հնարավոր է շատ ավելի արագ:
Տարածաշրջանային առավելագույն լարվածության կետում, նկատի ունեմ Թուրքիա, Իրան, Ռուսաստան հատումը, գտնվող երկրի ղեկավարը հայտնվեց անհենարան, անօդ տարածության մեջ, ինչին ստիպված էր արձագանքել նույնիսկ հրապարակավ («ոչ ոք հաղթանակ չպահանջեց»): Միայն երկու բան կարող էին օգնել չսահել օտար շահերի կործանարար շավիղով. ժողովուրդն ու քաղաքական միջավայրը։ Ժողովրդից փողոցում և մամուլի միջոցով պետք է հնչեր «մի հանձնվիր, Նիկոլ, մենք ընդունում ենք աշխարհաքաղաքական մարտահրավերը, մենք պատրաստ ենք զոհաբերության՝ հանուն դարերում փառապանծ ագրեսիվ և նպատակասլաց ազգի վերածննդի՝ մահ թշնամուն, մահ Ադրբեջանին»։
Մենք նման որեւէ բան լսե՞լ ենք: Բնակչությունը շարունակում էր ննջել Ռուսական Կայսրության երեսուն տարի առաջ վախճանված սովետական տարբերակի ծոցում: Բնակչություն, որը պատերազմն ընկալում է որպես օրհասական տարերային աղետ՝ չնայած անձնական խիզախության և գիտակցված զոհաբերության բյուր օրինակներին։ Ես բառեր չեմ գտնում այս ամենի համար պատասխանատու եւ դեբիլիզմի կլինիկա ցուցաբերող էլիտաների համար։ Քաղաքական միջավայրը ՔՊ-ին աջից ու ձախից «բզու՞մ» էր ազգային վերածննդի մրցակցող գաղափարներով: Այդ այսպես կոչված միջավայրի վրա՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, բոստանային այդ խրտվիլակ-բոբոների վրա Փաշինյանը ճախրում է ինչպես մի Էվերեստ։ Նման էթնիկ համայնքի համար տեղ կա՞ Կովկասի և Առաջավոր Ասիայի տեկտոնական հանգույցում:
Բայց որոշ հարթակներից քաղաքական ակտիվիստները այդուհանդերձ ինչ-ինչ կոչեր են հնչեցնում:
Լավագույն, ընդգծեմ՝ լավագույն դեպքում կարելի է լսել Առաջին Հանրապետության ակունքին վերաբերող կոչեր, որը չնայած դաշնակցական ղեկավարության ծայրահեղ ինֆանտիլիզմին, Անտանտի և ԱՄՆ-ի շնորհիվ գոյատևեց ամբողջ երկու տարի։ Խոսում են դաշնակցին փոխելու մասին, այսինքն օրիենտացիայի, եւ դա առավելագույնն է։ «Ազգային վերածնունդ» և «ազգային նախաձեռնություն» հասկացությունները, էլ չեմ ասում ծրագրային դրույթների հրապարակման եւ դրանց իրականացման հանար ստվերային կաբինետների մասին՝ դրանք բացակայում են։ Փոխարենը կա Թուրքիայի և Ռուսաստանի վճռականությունը՝ ջնջել անկախ Հայաստան հասկացությունը որպես այդպիսին՝ խուսափելու համար 1994-ի մղձավանջի կրկնությունից: Մինչդեռ, Հայաստանով «շահագրգիռ» կայսերական երկու մնացուկների համար այժմ շատ ավելի անբարենպաստ ներքին ու արտաքին վիճակ է առաջացել։ Իրավիճակն արմատապես տարբերվում է ինչպես 20-րդ դարի 80-90-ականներիից, այնպես էլ առաջին եւ երկրորդ տասնամյակից։
Ձեր նկարած, ուղիղ ասենք, մռայլ հեռանկարից ելք կա՞։
Իմ նկարածը չէ: Այո, Փաշինյանին վիճակված է Հայաստանի գերեզմանափորի դերը, որից առանց ժողովրդի օգնության նա չի կարող խուսափել՝ փորելու է մինչեւ վերջ: Ձեր բնական հարցին, թե ինչ անել, ես այսպիսով պատասխանել եմ, որքանով որ լրատվամիջոցների հրապարակայնությունը թույլ է տալիս։ Բայց հեռանկարը մռայլ չէ: Ընդհակառակը, հարյուր տարուց ավելի է ինչ առաջին անգամ արևի ճառագայթներն են թափանցում։ Քաղաքական հարթակում գտնվողները պետք է ձգվեն և կիրառեն իրենց գիտելիքները, իրենց ողջ փորձը՝ չխուսափեն լայն քաղաքական և սոցիալական նախագծումներից։ Պատմական և լայն աշխարհագրական համատեքստում տեղի ունեցող իրադարձությունները հասկանալը, Մերձավոր Արևելքի և ընդհանրապես Եվրասիայի քաղաքական դասավորություններում հայկական գործոնի հսկայական նշանակության գնահատումը՝ «ինչ անել» հարցի ամենակարևոր մասն է։ Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկին էլ պետք է սպանել, ապա առաջին հերթին «փաշինյանին» մեր մեջ։ Մենք շարունակում ենք քնել, բայց նա, ավաղ, արթուն է մեր ներսում։
Հնարավորինս արագ բավականին երկար ճանապարհ կա անցնելու: Պետք է հաղթահարվի նաև իր ողբալի երթում Նիկոլ Փաշինյանին սպասարկող արտախորհրդարանական սազանդարների ագենտուրային ցանցի դիմադրությունը։ Բոլորովին այլ բեքգրաունդով եւ այլ նպատակադրությամբ մարդիկ պետք է խոսեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ, Արևմուտքի հետ՝ նրանց համար ներկայիս բարդ, բեկումնային իրավիճակում։ Հայաստանը պետք է իր խոսքն ասի, և դա ըստ սահմանման ծանրակշիռ խոսք է լինելու արդեն այն պատճառով, որ հայկական է։ Ուղղակի պետք է ասվի:
Lragir.am 18.02.2023
.
.
Կարդացեք նաեւ՝
.
ինչպես նաեւ՝