Հայտնի երեք գործիչների նոյեմբեր 26-ի հավաքը Սոչիում արժանի չէ նույնիսկ մեջբերումների: Ավելի կարեւոր է գիտակցել, որ խորհրդային, հետեւապես ընդամենը փաստական քարտեզներով Բաքվի ու Անկարայի հետ «ետնամուտքային սահմանազատումը» խաչ է քաշելու հայկական պետության վրա: Ինչու խաչ եւ ինչպիսի խաչ
–
Խ
որհրդային քարտեզներով սահմանազատումը նշանակում է Մոսկվա/Կարսի 1921 թվականի պայմանագրի հիմնադրույթների ճանաչում Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ Նախիջեւանի խնդրով՝ դեռ մի բան էլ ավելին: Արցախի խնդիրը փակվում է առհասարակ՝ լռելյայն ինքնաբերությամբ: Այս մասին ջանադրաբար լռում են ՀՀ իշխանությունները, լռում է պառլամենտական ընդդիմությունը, լռում է պաշտոնական Մոսկվան: Մինչդեռ թուրքական կողմերը դա հայտարարում են բացեիբաց:
1920 թվականի աշնանը Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ ագրեսիային ենթարկված Հայաստանի Հանրապետությունը 1921 թվականի մարտի 16-ին մասնատվեց Մոսկվայի պայմանագրով՝ դեռեւս 1919-ի մայիսին Քեմալին առաջարկված սահմանների համաձայն: Դրանց հետագայում ավելացվեց նաեւ Արարատի շրջանի օտարումը Հայաստանից՝ փաստացի հոգուտ Վրաստանի, որն էլ փոխանակեց այն Բաթումի հետ ինչպես փոխանակում են փայտե ֆիգուրները ճատրակի տախտակին: Հայաստանի ոչնչացումը ռուսական նախաձեռնություն էր ի սկզբանե:
Ինչպես է խաչ քաշվում հայ պետության վրա
Մոսկվայի նախաձեռնությամբ 1919-ին նախաստորագրած (parafé) ռուս-թուրքական համաձայնագրի նպատակն էր տեսանելի հեռանկարում բացառել հայկական պետության գոյությունը: Այս նպատակին հասնելու հիմնական սկզբունքները օրիգինալ չէին. /ա/ «հայ» էթնիկ տիտղոսը կրող տարածքի արմատական կրճատում ու շրջափակում, ինչի համար՝ /բ/ էթնիկ սկզբունքով մարդկանց ոչնչացում եւ ցրում հայրենիքից հնարավորինս հեռու շառավղով:
Նկարագրածը ցեղասպանության դասական պատկեր է, հետագայում ֆաշիզմ կամ նացիզմ որակված: Սահմանի ռուսական կողմում հայկական խորհրդային քվազիպետական գոյացումը՝ գաղութային գռեհիկ ռեզերվացիա էր: Բացի մետրոպոլիայի ճնշումից հայերի դրությունը ծանրանում էր նաեւ Հարավային Կովկասի երկու ուրիշ էթնիկ քվազիպետական գոյացումներին փաստացի եւ իրավական ստորադասման հանգամանքով:
«Ետնամուտքից», այսինքն առանց միջազգային օրինական ակտերի հիմքով միջպետական կանոնակարգում կատարելու, սահմանազատումը՝ Մոսկվայի եւ Անկարայի հստակ ծրագիրն է: Այն պիտի օրինականացնի սահմանների նոյեմբր 9-ի status quo-ն եւ առավել՝ խախտի Մոսկվայի/Կարսի պայմանագիրը ի վնաս Հայաստանի եւ, միջնորդավորված, Իրանի: Նախիջեւանի՝ այս պահին ոչ ավելի քան պայմանագրային պրոտեկտորատը, հնաձնվում է Բաքվի լիակատար եւ բացառիկ իրավասությանը: Դա Անկարային թույլ է տալու թուրքական զինուժի մշտական կայազորներ տեղադրել ՀՀ Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին՝ Բաքվի ինքնիշխան դարձող տարածքում: Սա ետնամուտք է բառի բոլոր իմաստներով:
Մոսկվան եւ Անկարան հայերին թողնում են «պատերազմ, թե կոտորած» այլընտրանքը
Արցախի պատկանելությունը, եթե վստահենք 2021թ. 15 հունիսի Շուշիում Ալիեւի հայտարարությանը ամրագրված է Կարսի պայմանագրի չհրապարակված բաժնով: Ռուսական հովանավորուտյամբ սահմանազատմամբ Արցախի պատկանելությունը անցնում է «փակ» տիրույթից հրապարակային տիրույթ եւ քննարկման այլեւս ենթակա չէ: Ավելացնենք՝ Նաիջեւանը նույնպես զիջվում է Բաքվին Մոսկվա/Կարսի պայմանագրի կողմ հանդիսացող Ռուսաստանի ի սրտե համաձայնությամբ, իսկ իրականում՝ նախաձեռնությամբ:
Հայ իշխանությունները գիտակցու՞մ են Մոսկվայի/Կարսի պայմանագրային դրույթների վատթար ձեւափոխման ավերիչ պաշտպանական հետեւանքները: Հայկական պետության անկենսունակության պայմանով գծված հայկական «սահմանները» առավել անկենսունակ են դառում Մոսկվայի եւ Անկարայի նոր հովանավորության ներքո: Դրանից զատ, ժողովրդին ամրագրվում է 1915-23 եւ 2020 թվականների չհատուցված հոգեբանական տրավմաների ներկայիս ընկճախտը, ինչպես նաեւ մշակութային մոլախոտի անզուսպ փթիթքը «Փաշինյան» համույթի ողորմելի կաղապարով:
Ինչու է խաչ քաշվում. Ռուս-թուրքական պատասխանը հայկական սպառնալիքին
Բնականաբար, նախորդ եւ այս դարասկզբերի ռուս-թուրքական դաժան հաշվեհարդարը քաղաքակրթական անտագոնիզմի ընդհանուր դրդառիթից զատ պետք է ունենար նաեւ անմիջական, կենսական պատճառներ: Այդպիսին էր երկու տերությունների գլխին կախված հայկական գոյաբանական սպառնալիքը: Մոսկվան եւ Անկարան ելնում էին նրանից, որ անկախ եւ մեծ Հայաստանը Բուլղարիա կամ Ռումինիա չէ, իսկ հայերը՝ բուլղար կամ ռումին: Արանձնահատկությունը՝ երկու մեծ տերությունների կազմավորման եւ զարգացման բյուզանդահայ ակունքն էր: Սրա մասին պետք է բացահայտ ասվի հայ հանրությանը, այլապես այն մնում է ինֆանտիլ, մանկամիտ պատկերացումների գրկում:
Տարածքային, ժողովրդագրական ու ծովամատույց «վիլսոնյան» տիպի պարամետրերի պարագային Հայաստանը, Արեւմուտքի օժանդակությամբ, դառնում էր Առաջավոր Ասիայի եւ Կովկասի միացման շրջանի դոմինանտ տերություն, էապես ճնշելով թուրքական եւ ռուսական պետությունների ազդեցությունը այդտեղ: Հարցականի տակ էին հայտնվում նաեւ երկու պետությունների գաղափարային նորամուծությունները՝ թուրքիզմը եւ բոլշեւիզմը, ինչը արդեն գոյաբնական սպառնալիք էր:
«Սահմանազատումը» ռուս-թուրքական արդիական պատասխանն է հայկական սպառնալիքին
Կիլիկիայում հայկական պետության առաջացումը տարածելու էր հայկական գերակայությունը Կովկասից Միջերկրականի արեւելք, ինչը արդեն ֆրանսիական եւ բրիտանական գլխացավանքի առիթ էր դառնում, քանի որ Անատոլիայում արդիականանում էր խաչակրաց արշավանքներին նախորդող ժամանակաշրջանի հայ-հունական քաղաքական բնապատկերը: Խոսել հրեական պետականության գոյացման մասին 1948-ին, կամ ավելի ուշ, հազիվ թե հնարավոր լիներ:
Դրությունը հիմա
Հայկական սպառնալիքը պահպանվեց 100 տարի անց էլ, չնայած արդեն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, 1942-44 թվականներին հայերի դեմ Ռւսաստան/ԽՍՀՄ կողմից կիրառված «սպանդ պատերազմական եղանակով» հատուկ գործողությանը, որը խլեց 330 հազար երիտասարդ տղամարդու կյանք: Առաջացած ներհայկական սերնդային-քաղաքակրթական խզումը այդպես էլ չհաղթահարվեց մինչ մեր օրերը, ինչի վկայությունն է, մասնավորապես, Փաշինյան տիպարի ժողովրդականությունը: Կերչի գործողության ելեւեջները հարազատ են նախագահ Պուտինի «Լավրովյան ծրագրի»՝ 2020-ի աշնանը իրականացված եղանակին:
Այսպիսով, Բաքվի հետ ետնամուտքային սահմանազատումը, որին հետեւելու է Անկարայի նմանատիպ քայլը, հետապնդում է 100-ամյա վաղեմություն ունեցող ռուս-թուրքական նպատակը՝ հայկական պետականության ոչնչացում սաղմի մեջ: Մոսկվան եւ Անկարան հայերին թողնում են պատերազմ, թե կոտորած այլընտրանքը: Անկարայի ուղության վրա մանրմասները եւ դրնցից բխող հակագաղութային դիմադրության եղանակները՝ հաջորդիվ:
.
.
.
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝